Բացահայտվել է մարտի 4-ին Երևանի կենտրոնում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է մարտի 4-ին Երևանի կենտրոնում կատարված սպանությունը. դանակահարած 21-ամյա տղամարդը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2023թ. մարտի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հարղոդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20։03-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Կոկտեյլ» հոսթելի դիմաց երկու տղամարդ վիճաբանում են, որոնցից մեկը դանակահարել է մյուսին, և դանակահարված տղամարդը գետնին ընկած արյունահոսում է։ Ավելի ուշ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նշված հասցեից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ` մարմնի բազմակի հատվածների կտրած-ծակած վերքերով:

Մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում Քննչական բաժնի և Ոստիկանության ծառայողների համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է դանակահարված անձի ինքնությունը, վերջինս ճանաչվել է տուժող, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ։

Հիվանդանոցում առգրավվել են դեպքի պահին նրա հագին եղած արնանման հետքերով հագուստները։

Հոսթելի դիմաց կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և քննությանը հետաքրքրող այլ իրեր։ Հարցաքննվել են մի շարք ականատես անձինք:

Մարտի 5-ին՝ ժամը 01:40-ին, Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի հասցեներից մեկից, սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալել և քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 21-ամյա տղամարդ։

Վերջինիս մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է արնանման հետքերով հանցագործության գործիք դանակը։

Անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու հատվածում 21-ամյա քաղաքացին իր մոտ առկա դանակով հարվածել է տուժողի կրծքավանդակի շրջանին, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի, վազել դեպի Երևան քաղաքի Խանջյան 33 հասցեում գտնվող «Կոկտեյլ» հոսթելը, իսկ 21-ամյա քաղաքացին հետապնդել է, նշված վայրում նույն դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել տուժողին և դիմել փախուստի։ Նախնական տվյալներով վեճի պատճառը եղել է տուժողի կողմից մյուսի հացեին հնչեցված հայհոյանքը, ինչի պատճառով երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մարտի 5-ի ժամը 02։45-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից հայտնել են, որ տուժողը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանիօօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել