Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդականը հաջորդ շաբաթ իր առաջին այցը կկատարի Հարավային Կովկաս

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդականը հաջորդ շաբաթ իր առաջին այցը կկատարի Հարավային Կովկաս

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն կայցելի Հարավային Կովկաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Սա Լուիս Բոնոյի առաջին այցը կլինի տարածաշրջան մեկ ամիս առաջ պաշտոնը ստանձնելուց ի վեր: Նեդ Փրայսը նշել է, որ առաջին այցից հետո Վաշինգտոնն ակնկալում է, որ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականը կանոնավոր այցելություններ կկատարի Հարվային Կովկասի բոլոր երեք երկրներ:

«Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպել բարձրաստիճան ղեկավարների հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին աջակցելու և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր մշտական հավատարմությունը հայտնելու համար: Ինչպես քիչ առաջ նշեցի, նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ: Նա կմեկնի Բաքու, Երևան, ինչպես նաև Թբիլիսի՝ նշված հերթականությամբ», - ասել է Փրայսը:

Դիվանագետի կարծիքով՝ այս այցը Լյուիս Բոնոյին հնարավորություն կընձեռի զարգացնել երկխոսությունը, որը փետրվարի կեսերին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

«Մենք, ինչպես հայտարարել են այդ եռակողմ բանակցությունների ավարտին, ոգևորված ենք խաղաղության գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերի առնչությամբ: Եվ պարոն Բոնոն հուսով է, որ կկարողանա զարգացնել այդ ջանքերը և այնպես անել, որ այդ առաջընթացը շարունակվի: Այս բոլոր երեք քաղաքներում պարոն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն», - նշել է Փրայսը:

Լուիս Բոնոն ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի փետրվարի 1-ին:Նա աշխատել է Վիեննայում որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և ՄԱԿ-ի գրասենյակներում ԱՄՆ-ի գործող ներկայացուցիչ և Սուրբ Աթոռում որպես գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա նաև աշխատել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալի և պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով տեղակալի խորհրդականի պաշտոնում: Նա թոշակի է անցել բանակի ռեզերվից, որտեղ նա հրահանգիչ էր Ուեսթ Փոյնթում և Բանակի պատերազմի քոլեջում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում