Մշակույթ

Գյուրիում բացվել է կամերային երաժշտության դահլիճ

2 րոպեի ընթերցում

Գյուրիում բացվել է կամերային երաժշտության դահլիճ

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում փետրվարի 21-ին բացվեց Կամերային երաժշտության դահլիճը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դահլիճը բացվել և գործելու է Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի շենքում:

332055994_1689753851444988_7164632682482699709_n.jpg (308 KB)

Դահլիճի բացման առթիվ բեմում էին Գյումրու պետական երաժշտական խմբերը, դպրոցական, միջին մասնագիտական և բարձրագույն երաժշտական հաստատությունների ներկայացուցիչները։

Լրագրողներին ներկայացնելով կամերային դահլիճ ունենալու անհրաժեշտությունը՝ Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը տարիներ շարունակ զգացվում էր: «Ճիշտ է՝ նոր շենք կառուցելու հնարավորություն քաղաքը չուներ, բայց եղածը վերանորոգելու ու որպես կամերային դահլիճ հարմարեցնելու համար համայնքային բյուջեից գումարներ գտնվեցին»,- ասաց նա:

Դահլիճի վերապրոֆիլավորման, նորոգման և վերազինման համար համայնքային բյուջեից 3 փուլով հատկացվել է 33 միլիոն դրամ՝ արդյունքում ստացվել է դասական երաժշտության համերգների կազմակերպման հարթակ, որն ունի ժամանակակից միջավայր, պրոֆեսիոնալ չափանիշներին համապատասխան լուծումներ, նվագախմբերի ու երգչախմբերի պահանջները բավարարող ընդարձակ բեմահարթակ: «Ես վստահ եմ, որ այստեղ ելույթ են ունենալու հայ և համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտներ, ովքեր հրաժարվում էին ելույթ ունենալ քաղաքում դահլիճի բացակայության պատճառով: Այսօրվանից շրջադարձային ձևով փոխվելու է քաղաքի մշակութային կյանքը»,-նշեց Լիլիթ Թովմասյանը՝ հավելելով, որ Գյումրու կամերային երաժշտության դահլիճը կսպասարկի քաղաքի բոլոր՝ դպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության օղակների կարեւորագույն համերգները, կընդունի հայ և արտասահմանյան հայտնի երաժիշտների ու երաժշտական նվագախմբերի, պատշաճ միջավայրում կանցկացնի երաժշտական մասշտաբային փառատոներ, որակական նոր նշաձող կսահմանի քաղաքում դասական երաժշտության համերգների կազմակերպման ոլորտում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում