Տարածաշրջանային

Թուրքիայում տեղի ունեցած նոր երկրաշարժերի հետևանքով կա 6 զոհ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում տեղի ունեցած նոր երկրաշարժերի հետևանքով կա 6 զոհ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում երեկ տեղի ունեցած նոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Երկրաշարժերը տեղի են ունեցել երկրի հարավում գտնվող Հաթայ նահանգում տեղի ժամանակով ժամը 20:04-ին (Երևանի ժամանակով՝ 21:04)՝ 6,8 մագնիտուդ հզորությամբ, և 20:07-ին (Երևանի ժամանակով՝ 21:04)՝ 5,8 մագնիտուդ հզորությամբ: Գրանցվել է նաև 32 հետցնցում:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնները գտնվել են համապատասխանաբար Դեֆնե և Սամանդաղ քաղաքներում: Առաջին երկրաշարժի օջախը գտնվել է 16,74 կմ խորության վրա, երկրորդինը՝ 7 կմ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Hurriyet պարբերականին:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել էր, որ առնվազն 3 մարդ զոհվել է, 213 հոգի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա խոսքով՝ երեք ավերված շինությունների փլատակներում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։ Ըստ պարբերականի՝ որոնողափրկարարական աշխատանքներից հետո փլատակներից դուրս է բերվել ևս 3 հոգու մարմին:

Anadolu գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ երկրաշարժը զգացվել է Հաթայի հարևան նահանգներում, ինչպես նաև Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Պաղեստինում և Իսրայելում։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը բնակիչներին հորդորել է չմոտենալ վնասված շենքերին։

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և հարևան Սիրիայում զոհերի թիվը շուրջ 46 հազար է, որոնցից գրեթե 41 հազարը՝ Թուրքիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում