Հասարակական

Բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում և դեպքեր թաքցնելու երևույթը. աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում

3 րոպեի ընթերցում

Բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում և դեպքեր թաքցնելու երևույթը. աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում փետրվարի 20-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ներկա են եղել ՆԳՆ ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։

«Ողջունելով ներկաներին՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին վերջերս հասարակական հնչողություն ստացած, առանձնապես ծանր ու ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքների, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովման միջոցառումների պատշաճ անցկացման համար։ Միևնույն ժամանակ, նշեց ծառայության մեջ վերջերս տեղ գտած որոշ թերացումներ, որոնցից մի քանիսը նաև հասարակական հնչողություն են ստացել, կոնկրետ ղեկավարների տվեց առարկայական ցուցումներ՝ պահանջելով անձնական պատասխանատվությամբ դրանք իրականացնել սեղմ ժամկետում ու ողջ ծավալով:

ՆԳՆ ոստիկանության պետը շեշտեց հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության գործունեությունը և հանձնարարեց ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։

Կարևորվեցին նաև թրաֆիքինգի դեմ պայքարի, քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ, այսպես ասած՝ փողոցային հեղինակությունների հայտնաբերման աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, խոսելով կատարված աշխատանքի մասին, ՆԳՆ ոստիկանության պետը վեր է հանել թերություններն ու խնդիրները։ Նա հատուկ շեշտադրել է ծառայության ընթացքում բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում, նաև դեպքեր թաքցնելու արատավոր երևույթը։

ՆԳՆ ոստիկանության պետը պարեկային ծառայությանն ու ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է անզիջում լինել իրավախախտների նկատմամբ. հովանավորչության դեպքեր կամ արտոնյալներ հայտնաբերելու դեպքում նշված ծառայողները կենթարկվեն պատասխանատվության։

«Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտման, նաև կանխման նպատակով տարածքային բաժինների ղեկավարությանը հանձնարարեց ակտիվացնել համագործակցությունն ինչպես իրավապահ մյուս կառույցների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,- հայտնում են ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև կադրային քաղաքականությանը, ծառայողական կարգապահությանն ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում