Համարձակ մոտեցում ու նոր շունչ. Գյումրու դրամատիկականի բեմում Չարենցի խելագարված ամբոխներն են
4 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ,19 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու դրամատիկական թատրոնում փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Բովանդակություն» ներկայացման առաջնախաղը: Եղիշե Չարենցի«Ամբոխները խելագարված» պոեմի հիման վրա ստեղծված նախագիծը նվիրված է մեծ բանաստեղծի ծննդյան 125-ամյակին։ Բեմադրությունը` Գոռ Մարգարյանի, երաժշտությունը՝ Նարեկ Կոսմոսի, պլաստիկան՝ Մարինկա Դովլաթբեկյանի, իսկ բեմական խոսքը՝ Տաթև Ղազարյանի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծն իրականացվում է համատեղ՝ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և տվյալ ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ջանքերով՝ Գյումրու թատրոնի հետ համատեղ։ Ներկայացման մեջ ներգրավված են միայն ուսանողները:
Բեմում ամեն ինչ շատ պարզ է ու հասարակ՝ առանց դեկորների, գլխավոր հերոսը՝ մեծ դասականի ստեղծագործությունն է: Ներկայացման ողջ ընթացքում գերիշխում է խոսքը, շարժումն ու երաժշտությունը: Մեծ գրողի ստեղծագործություններին հատուկ նոր շունչ են տալիս բեմադրական համարձակ լուծումները` ուսանողները խոսքով ու պլաստիկայով ավելի քան մեկ ժամ ու կես հանդիսատեսին են փոխանցում չարենցյան ոգին: Երաժշտական ձևավորումը ևս հատուկ այս նախագծի համար է արվել:
«Կարծում եմ՝ աշխատանքը հետաքրքիր է ստացվել։ Հիմքում Չարենցի գլուխգործոցն է ու տարբեր բանաստեղծություններ, որոնք ավելի հյութեղ են դարձնում գործը: Միշտ էի մտածում իմ սիրած հեղինակին անդրադառնալ, 125-ամյակը առիթ հանդիսացավ Չարենցի տուն-թանգարանի հետ այս ներկայացման փոքր տարբերակը ստեղծելու և ես հասկացա, որ դա քիչ է ու որոշեցինք մեծագույն պոետին ավելի մեծ վրձնահարվածներով անդրադառնալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Գոռ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ ընթացքը ևս հետաքրքիր է եղել. չի եղել նախնական սցենար, ամեն ինչ տեղում է ստեղծվել: «Անշուշտ, տեխնիկական առումով բավական բարդ էր, բայց մեզ աջակցեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը, իսկ Գյումրու դրամատիկ թատրոնը ջանք ու եռանդ չխնայեց, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես ծրագրել էինք»,- նշեց Գոռ Մարգարյանը՝ ընդգծելով, որ սա հրաշալի փորձ ու հնարավորություն է ուսանողների համար:
Առաջնախաղի ավարտից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում չթաքցնելով ոգևորությունը, վստահեցրեց՝ ներկայացումը ոչ միայն հաջողված է, այլ նաև երկար ընթացք կունենա: «Ամենակարևորն այն է, որ ուսանողներն են Չարենցին անդրադառնում, և սա իրենց ընկալումն է: Գիտեք՝ քանի տարի եմ ես խոսում այս սկզբունքով աշխատելու մասին՝ ուսանողների հետ աշխատելու, որտեղ մենք տեսնում ենք ուսանողների ողջ օժտվածությունը: Ես շատ ուրախ եմ այսօրվա այս ներկայացմամբ: Համոզված եմ՝ միայն այս ներկայացմամբ ուսանողները մի քանի տարվա կրթություն են ստացել: Ամեն ինչ արված է ժամանակակից լեզվով, ինքս շատ տեղերում հուզվեցի: Շատ բարձր եմ գնահատում աշխատանքը: Կարծում եմ՝ իմ տեսած լավագույն ուսանողական ներկայացումն է»,- հավելեց Արայիկ Խզմալյանը:
ԱրմենուհիՄխոյան