Հասարակական

Նույն անձը Ջրվեժում՝ գողություն, Երևանում` ավազակություն է կատարել. քրեական ոստիկանության ծառայողների բացահայտումը

3 րոպեի ընթերցում

Նույն անձը Ջրվեժում՝ գողություն, Երևանում` ավազակություն է կատարել. քրեական ոստիկանության ծառայողների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողները ձերբակալել են Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու, որի հաղորդման համաձայն, նա գողություն է կատարել Ջրվեժում և ավազակություն՝ Երևանում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 4-ին: Վաղ առավոտյան 1-02 զանգած անհատ ձեռնարկատերը հայտնում էր, որ Ջրվեժի իր խանութից գողացել են փող ու ապրանք:

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, իրականացրել անհրաժեշտ գործողություններ, պարզել, որ գիշերը պարսպի վրայով անցել են բակ, մտել խանութ, որի դուռը բաց էր, և տարել 280 հազար դրամ, երկու կոնյակ և ծխախոտ:

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ու թեև հանցագործությունն արագ բացահայտել չհաջողվեց, բայց օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին: Տեղի ոստիկաններին օգնության եկան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, որոնց ստացած օպերատիվ տեղեկությունն էլ իրացվեց Կոտայքի ոստիկանների հետ:

Փետրվարի 9-ի առավոտյան, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և ոստիկանության Կոտայքի բաժին տեղափոխվեց Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Բաժնում նա խոստովանեց, որ դեկտեմբերի 4-ին ինքն էր Ջրվեժի խանութից գողություն արել: Իրավապահների հետագա գործողություններով պարզվեց, որ նույն օրը նա նաև ավազակություն էր արել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված քաղաքացին տվել է հաղորդում, որ գիշերվա ժամը 5-ին մոտ տղամարդը մտել է Երևանի Թևոսյան փողոցի՝ Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող կահույքի արտադրամաս, հափշտակել գումար, իսկ երբ նկատել է իրեն` հնչեցրել է սպառնալիքներ, ոտքով խփել դեմքին, մոտը եղած լինգը նետել է իր ուղղությամբ ու փախել:

Նշվում է, որ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել գողության և ավազակության հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում