Տարածաշրջանային

Վրաստանը 1 մլն լարի է հատկացրել Թուրքիային օգնելու համար

2 րոպեի ընթերցում

Վրաստանը 1 մլն լարի է հատկացրել Թուրքիային օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարգադրել է 1 մլն լարի (շուրջ 370 հազար դոլար) հատկացնել ավերիչ երկրաշարժերից տուժած Թուրքիային օգնելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վերջին տվյալներով՝ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի (մագնիտուդ 7,7 և 7,6) հետևանքով զոհվել է 18 342 մարդ, վիրավորների թիվը հասել Է 74 242-ի։ Ավերվել Է ավելի քան 5500 շենք: Ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության՝ միջոցները հատկացվել են Կառավարության պահուստային ֆոնդից։

Գումարը կփոխանցվի Վրաստանի առողջապահության նախարարությանը, որը կզբաղվի երկրաշարժից տուժածների համար դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, բժշկական սարքավորումներ և այլ անհրաժեշտ պարագաներ գնելով։ Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ Թուրքիա է ուղարկվել համապատասխան տեխնիկա և 100 հոգուց բաղկացած փրկարարների խումբ։ Վրացի փրկարարները ավերված շենքերի փլվածքների տակից հանել են ողջ մնացած երեք մարդու: Գործակալությունը նշում է, որ Թուրքիա ուղարկված խումբը համալրված է վերապատրաստված փրկարար-հրշեջներով ու կինոլոգներով։

Փրկարար խումբը հանդերձված Է ժամանակակից պարագաներով, անօդաչու թռչող սարքերով, կապի մեքենայով և բոլոր հնարավոր հատուկ փրկարարական սարքերով։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ,Արմենպրեսե-ը, հատուկ չվերթով փետրվարի 8-ին Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում