Հասարակական

Կալանավորվել է Երևանի Թումանյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի կատարման մեջ մեղադրվող անձը

4 րոպեի ընթերցում

Կալանավորվել է Երևանի Թումանյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի կատարման մեջ մեղադրվող անձը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է 2023թ. հունվարի 17-ին Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում Երևան քաղաքի 27-ամյա բնակչի նկատամամբ տեղի ունեցած սպանության փորձի դեպքը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հիշյալ օրը կրակոցներ էր արձակել 27-ամյա տղամարդու ուղղությամբ, որի արդյունքում վերջինս որովայնի հատվածում ստացել էր հրազենային վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը զննությամբ հայտնաբերել էր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա՝ հրազենային վնասվածքներով, կրակված գնդակներ և պարկուճներ, առգրավել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել էին մի շարք անձինք, նշանակվել էին դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Քննությամբ պարզվել էր, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակիչի միջև: Այդ կապակցությամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով,2023 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 19։19-ի սահմաններում, վերջինս երկու այլ անձանց հետ դարանակալել էր 27-ամյա տղամարդու բնակության վայրում և նկատելով նրան՝ իր մոտ առկա հրազենից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, և դիմել փախուստի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։ Դրանց արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 29-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնի միջնորդության բավարարման հիման վրա 27-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, ինչպես նաև՝ դեպքին հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան աշխատակիցներին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում