Հասարակական

Հայաստանում կանայք հնարավորություն կունենան 6-ամսյա զինծառայություն անցնել. ՊՆ-ն օրինագիծ է շրջանառել

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կանայք հնարավորություն կունենան 6-ամսյա զինծառայություն անցնել. ՊՆ-ն օրինագիծ է շրջանառել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի ընդունման դեպքում իգական սեռի ներկայացուցիչները կամավորության սկզբունքով կարող են 6 ամսով զինվորական ծառայության անցնել Զինված ուժերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Նախագիծն արդեն շրջանառված է, բոլորը կարող են ծանոթանալ դրան: Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, որովհետև դժվարանում եմ ասել՝ կկարողանա՞նք ամառային զորակոչից առաջ հասցնել ենթակառուցվածքների առումով: Ամեն ինչ կախված է մեր արագությունից»,- ասաց Պապիկյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ նշեց, որ մտնում են ևս մեկ կարևոր բարեփոխում իրականացնելու գործնական փուլ: «Մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի կանայք կամավորության հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո կարող են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինվորական ծառայության»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ խնդիր են դրել, որ կանանց համար հնարավորինս նոր կամ շատ թարմ ենթակառուցվածքներ լինեն: «Նոր էջ է, և մենք պետք է նոր բովանդակությամբ և թարմությամբ այդ պրոցեսը սկսենք»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում