Տարածաշրջանային

Թուրքիայի երկրաշարժը հանգեցրել Է երկրաբանական տեղաշարժի. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի երկրաշարժը հանգեցրել Է երկրաբանական տեղաշարժի. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժը երկրաբանական տեղաշարժ է առաջացրել, որի հետևանքով քարոլորտային սալերը երեք մետրով տեղափոխվել են, ասել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) նախագահ Կառլո Դոլիոնին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Արաբական սալը հյուսիս-արևելք-հարավ-արևմուտք ուղղությամբ մոտավորապես 3 մետրով տեղաշարժվել Է Անատոլիական սալի նկատմամբ», - փորձագետը հայտնել Է Corriere della Sera թերթին: Ըստ գիտնականի՝ «կարծես, Թուրքիան տեղափոխված լինի դեպի հարավ-արևմուտք»։

Դոլիոնիի խոսքով՝ բեկվածքի ընդհանուր չափը կազմել է առնվազն 150 կիլոմետր, «այդ ամենը տեղի է ունեցել մի քանի տասնյակ վայրկյանում»։

Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով և ՄԱԿ-ի գնահատմամբ, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Խոշոր ավերածություններ կան նաև Սիրիայում:

Լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրաշարժի պատճառով դադարեցվել են աշխատանքները թուրքական Ջեյհանի խոշոր նավթալցման նավահանգստում:

Իսկ Սիրիայում դադարեցվել է Տարտուս նահանգի խոշորագույն նավթավերամշակման գործարանի աշխատանքը։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1602-ի, վիրավորներինը՝ 3649-ի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում