Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-5/23. Գոլդինգ, Վեռն, Շրյոդինգեր

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-5/23.  Գոլդինգ, Վեռն, Շրյոդինգեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականի վերջում և 2023 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Վիլյամ Գոլդինգ, «Ճարպիկ Մարթինը»

martin.jpg (210 KB)

Առաջին հայացքից «մարդը և ծովը» հավերժական թեման շահարկելով, Գոլդինգի, թերևս, ամենից խորունկ վեպը, Ռոբինզոնի աղերսներով, մեջբերելով Պրոմեթևսի այլաբանությունը, ակնարկում է, որ անգամ նողկալի մարդն իր մեջ փորձում է կերտել Աստծուն: Իրականի և ցնորականի, ողջամտության ու խենթության, սիրո և ատելության ճամփաբաժանին մնացած՝ Ճարպիկ Մարթինը մեկ ակնթարթ տևած վեց օրում արարում է սեփական քավարանը: Թարգմանությունն անգլերենից՝ Արտաշես Էմինի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Ժյուլ Վեռն, «Խորհրդավոր կղզին»

kxzi.jpg (173 KB)

ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի ժամանակ հինգ հյուսիսցիներ օդապարիկով փախչում են հարավցիների պաշարած մայրաքաղաքից: Ահեղ փոթորիկը նրանց գցում է հարավային կիսագնդի անմարդաբնակ մի կղզի, որտեղ աղետյալները պետք է մեծ փորձություններ հաղթահարեն: Ֆրանսերենից թարգմանել է Անուշ Նիկողոսյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Էրվին Շրյոդինգեր, «Ի՞նչ է կյանքը»

inch e.jpg (262 KB)

«Ի՞նչ է կյանքը» բովանդակալից գրքում քվանտային ֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ աշխարհահռչակ ֆիզիկոս Էրվին Շրյոդինգերը, քննում է, թե ինչպես են կենսաբանության, ֆիզիկայի և քիմիայի սկզբունքները հնարավոր դարձնում կյանքն առհասարակ։ Տեսական ֆիզիկայի դրույթներից ելնելով՝ Շրյոդինգերը դիտարկում է կյանքի տարբեր երևույթների նկատմամբ ֆիզիկական մոտեցմանը, միկրոաշխարհից մակրոաշխարհի անցմանը, օրգանիզմի բազմատոմությանը, ժառանգականությանը և մուտացիաներին վերաբերող կարևորագույն հարցերը՝ կանխագուշակելով ժառանգական մոլեկուլի բնույթը և ըստ էության կանխորոշելով ԴՆԹ–ի հայտնագործությունը հետագայում։ Գրքում հեղինակը քննում է գիտակցությանը վերաբերող զանազան հարցեր՝ թե արդյո՞ք մեկ են նյութն ու միտքը, օբյեկտն ու սուբյեկտը, ներքին և արտաքին աշխարհները՝ փորձելով պարզել, թե գիտակցությունն ինչ դեր ունի էվոլյուցիայում, որն է բարոյականության հիմքը, և ինչ ուղղությամբ է ընթանալու մարդու հետագա կենսաբանական զարգացումը։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում