Հասարակական

2022 թվականի Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը. EIU

3 րոպեի ընթերցում

2022 թվականի Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը. EIU

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Economist Intelligence Unit-ի (EIU) կողմից հրապարակված Ժողովրդավարության 2022 թ.-ի ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքը յոթ հորիզոնականով՝ զբաղեցնելով 82-րդ տեղը։ Երկիրը դասակարգվում է որպես «հիբրիդային ռեժիմ»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով EIU-ի զեկույցը:

Հայաստանի հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը զբաղեցնում են համապատասխանաբար 90-րդ և 134-րդ հորիզոնականները, Թուրքիան՝ 103-րդ, Իրանը՝ 154-րդ։

Հայաստանը որպես «հիբրիդային ռեժիմ» է դասակարգվել Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ միասին: Իսկ «ավտորիտար ռեժիմների» շարքում, ի թիվս այլ երկրների, հայտնվել են Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը:

2006 թ.-ից հրապարակվող Ժողովրդավարության ինդեքսն ուսումնասիրում է ժողովրդավարության վիճակը 165 պետություններում և 2 տարածքներում: Այն հիմնվում է հինգ կատեգորիաների վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ: Այս ցուցանիշների հիման վրա հավաքած միավորներից ելնելով՝ երկիրը դասակարգվում է որպես «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդային ռեժիմ» կամ «ավտորիտար ռեժիմ»:

ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը ևս անդրադարձել է 2022 թ.-ի Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանի դիրքերի բարելավմանը՝ նշելով, որ Հայաստանի ցուցանիշները վերոնշյալ 5 կատեգորիաներում տարածաշրջանում ամենաբարձրն են:

«Կառավարությունը հանձնառու է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի բարելավի իր քաղաքացիների կյանքի որակը», - գրել է Ալեն Սիմոնյանը Twitter-ի իր էջում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում