Հասարակական

Քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել ոստիկանության Լոռու մարզային վարչության բաժիններում

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել ոստիկանության Լոռու մարզային վարչության բաժիններում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հերթական արդյունքն արձանագրել են Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողները։

«Մարզային վարչությունում արձանագրվել է «Կալաշնիկով» ինքնաձիգի և ատրճանակի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկով» ինքնաձիգի, հրացանի, ինքնաշեն կրակող սարքի, նռնակների և տարբեր տեսակի ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Բազումի բաժնում։

Նռնակների և ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Տարոնի բաժնում։

Տարբեր տեսակի ատրճանակներ, պայթուցիչներով նռնակներ և այլ ռազմամթերք կամավոր հանձնել են Գուգարքի բաժնում։

Ատրճանակ, հրացան, նռնակներ ու ռազմամթերք են հանձնել նաև Ստեփանավանի բաժնում։

Հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Տաշիրի և Սպիտակի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Ինքնաձիգի, նռնակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Թումանյանի բաժնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում