Հասարակական

Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր համայնքում գործող գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 09.30-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում վառելիքի լցակայան է այրվում:

Ըստ նախնական տվյալների՝ 2023թ․ հունվարի 31-ին՝ ժամը 09.15-ի սահմաններում, նշված թաղամասում գործող գազալցակայանի գազի ճնշման մատակարարման համար հատկացված վայրում գազի արտահոսքի հետևանքով առաջացել է հրդեհ, որի պատճառով Վանաձորի բնակիչ հանդիսացող՝ գազալցակայանի 83 ամյա, 33-ամյա և 28-ամյա աշխատակիցները դեմքի և վերջույթների շրջանում տարբեր աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, համապատասխան ՍՊ ընկերությունից պահանջվել են փաստաթղթեր՝ համալիր դատաճարտարագիտատեխնիկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար»,- գրել է Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ իրականացվում են վարութային և ապացուցողական այլ անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Նախաքննությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում