Հասարակական

Ինքնաշեն ջեռուցման համակարգի պայթյունը ծանր վնասվածք է պատճառել. ՀՀ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Ինքնաշեն ջեռուցման համակարգի պայթյունը ծանր վնասվածք է պատճառել. ՀՀ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով քաղաքացու վնասվածք ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2023թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի տներից մեկի ջեռուցման համակարգի պայթելու հետևանքով կան տուժածներ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված տանը ջեռուցման գազի կաթսային զուգահեռ տեղադրված է եղել նաև ինքնաշեն կաթսա՝ նախատեսված փայտով ջեռուցման համար, որի ջրի շրջանառությունը կարգավորվել է հիշյալ գազի կաթսայի ջրի պոմպի միջոցով: 2023թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, նշված հասցեի 51-ամյա բնակչուհին ինքնաշեն կաթսան փայտ գցելու նպատակով մտել է սենյակ և նույն պահին նշված կաթսայի պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք՝ ներառյալ ձախ ձեռքի ամպուտացիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր, այդ թվում նաև անվտանգության կանոնների հնարավոր խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում