ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 15 զինծառայողի մահվան դեպքից հետո միջնորդություն է ներկայացրել Հանրապետության նախագահին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու վերաբերյալ։
«Կոմպրոմիսներ չեն լինելու, եթե նույնիսկ վիզուալ ծառայությունը, կարգապահությունը պատշաճ չի իրականացվում, պետք է հետևի կոնկրետ պատասխանատվություն։ Այդ առումով որոշում եմ կայացրել և միջնորդություն եմ ներկայացրել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու, Հանրապետության նախագահը արդեն իսկ ստորագրել է որոշումը։ Հանձնարարել եմ նաև Պաշտպանության նախարարին, որ դեպքով պետք է շատ կոնկրետ անհատական հետևանքներ լինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր հերթին զեկուցեց, թե վարչապետի հանձնարարականի մասով ինչ աշխատանքներ են իրականացվել։
« Զբաղեցրած պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետը, թիկունքի պետը, կորպուսի հրամանատարի տեղակալը մարտական հերթապահության գծով, N զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ թիկունքի գծով, N զորամասի ինժեներական ծառայության պետ, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար և զինված ուժերի թիկունքի վարչության, հրդեհային անվտանգության ծառայության պետը»,- ասաց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ նրանց զբաղեցրած պաշտոնները ինչ-որ կերպ առնչվում են դեպքին։
«Հետագայում քրեաիրավական գնահատական պետք է տրվի, ուստի նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»,- եզրափակեց Պապիկյանը։