Հասարակական

Զովունիում ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կայանում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

3 րոպեի ընթերցում

Զովունիում ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կայանում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվում են մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում հունվարի 17-ին տեղի ունեցած պայթյունի և դրա արդյունքում մի քանի անձանց այրվածքներ ստանալու դեպքի հանգամանքները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

2-2.JPG (198 KB)

«2023 թվականի հունվարի 17-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 17։30-ի սահմաններում, Զովունի բնակավայրի 1-ին փողոցում գտնվող գազաբալոնների տեղադրման կայանում տեղի է ունեցել պայթյուն և կան տուժածներ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարզվել է, որ կայանում ավտոմեքենայի վրա համապատասխան աշխատանքներ կատարելիս եղել է հեղուկ գազի արտահոսք, որի այրման պատճառով տեղի է ունեցել պայթյուն։ Դրա հետևանքով երեք անձինք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բացի այդ, վնասներ են կրել նաև կայանի շինությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքի վայրում գտնվող և դեպքին առնչություն ունեցող մի շարք անձինք։ Նկատի ունենալով, որ կայանը հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ, որտեղ մատուցվում են գազաբալոնների տեղադրման, ինչպես նաև գազաբալոնների ստուգման ծառայություններ, վերցվել են վերջինիս գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական, դատապայթյունա­տեխնոլոգիական, դատաշինարարա­տեխ­նիկական, դատաապրանքագիտական, դատաճարտարագիտատեխնիկական համալիր փորձաքննություն։

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները պայթյունի պատճառները լիարժեք պարզելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում