Հասարակական

Պարզվում են Երևան քաղաքի Թումանյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները

3 րոպեի ընթերցում

Պարզվում են Երևան քաղաքի Թումանյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից հունվարի 17-ի երեկոյան ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի հատվածում հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի՝ 1995թ. ծնված մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է շենքի մոտակայքում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

«Այդ առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Մասնավորապես, կատարվել է դեպքի վայր հանդիսացող Երևան քաղաքի հիշյալ փողոցի շենքի բակային տարածքի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է հրազենային վնասումով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, հրազենից կրակված գնդակներ և պարկուճներ:

Առգրավվել են դեպքի վայրի մոտակայքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ կրակոցներն արձակվել և տուժողին հրազենային վնասվածքները հասցվել է ենթադրաբար Երևան քաղաքի 29-ամյա բնակչի կողմից՝ դեպքից օրեր առաջ ծեծի ենթարկվելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով։ 2023 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 19։19-ի սահմաններում, նա երկու այլ անձանց հետ եկել է 27-ամյա տղամարդու բնակության վայր, սպասել և, շենքի բակում տեսնելով վերջինիս, կրակել նրա ուղղությամբ, որից հետո դիմել են փախուստի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած, ինչպես նաև դեպքին հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում