Հասարակական

Սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու և խուլիգանության կասկածանքով կալանավորվել է 18-ամյա երիտասարդ

3 րոպեի ընթերցում

Սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու և խուլիգանության կասկածանքով կալանավորվել է 18-ամյա երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են հունվարի 6-ին Երևան քաղաքում կատարված սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու և խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004թ.: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 3-ին Երևան քաղաքի Պ.Սևակի փողոցում մի խումբ երիտասարդների կողմից հայհոյախառն արտահայտություն կատարելու համար վերոնշյալ 18-ամյա երիտասարդը դիտողություն է արել վերջիններիս, որից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել մի կողմից վերջինիս և նրա ընկերների, իսկ մյուս կողմից նշված երիտասարդների միջև:

Հիշյալ հարցի պարզաբանման համար, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի հունվարի 6-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ-Ռուբինյանց փողոցների խաչմերուկի հատվածում 18-ամյա երիտասարդն իր ընկերների հետ հանդիպել է հիշյալ երիտասարդներին, որի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցնելով նրանցից մեկին ապօրինաբար զրկել է կյանքից, իսկ երեքին պատճառել մարմնական վնասվածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված ապացույցների հիման վրա միջնորդություն է ներկայացվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Երևանի 18-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում