Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Մինչ այդ կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նիստին ունեցած ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի,

Հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ Երևանում հյուրընկալելու ձեզ և իմ գործընկերոջը՝ վարչապետ Ղարիբաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստին: Երկու երկրների վարչապետների մակարդակով այս նիստի նախագահումը մեկ անգամ ևս վկայում է երկկողմ հարաբերությունների արժևորման և փոխգործակցության օրակարգը բարձր հոգածության ներքո պահելու մասին:

Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ երկարատև դադարից հետո՝ 2019 թվականից մինչև օրս, միջկառավարական հանձնաժողովի արդեն երեք նիստ է գումարվել: Կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու մեր երկրների հարաբերությունների խթանմանը միտված այս կարևոր ձևաչափի պարբերականությունն ու դրանում արձանագրված պայմանավորվածությունների արդյունավետ կատարումը:

Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ այս միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը բավականին հագեցած է և ներառում է երկկողմ գործակցության ամենատարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, գիտություն, կրթություն, շրջակա միջավայրի պահպանություն և այլն: Վստահ եմ, որ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն՝ հայ-վրացական հարաբերություններին հաղորդելով նոր որակ և բովանդակություն:

Անշուշտ, պարոն վարչապետի հետ բացի երկկողմ տնտեսական բնույթի հարցերից, քննարկման ենթակա են նաև անվտանգության, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցեր: Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա է փոխըմբռնում, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև դարավոր կապերով և հայ-վրացական եղբայրական հարաբերությունների գերակայության գիտակցմամբ:

Թույլ տվեք հաջողություն մաղթել երկկողմ բոլոր փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Վստահ եմ, որ ապագայում ևս երկուստեք կգործադրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերն առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման և ընդլայնման ուղղությամբ, որի իրականացման համար անհրաժեշտ է դրսևորել ամենօրյա անխոնջ հոգածություն: Շնորհակալություն»:

Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին նշել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ողջունում եմ Ձեր կառավարությանը, հանձնաժողովի անդամներին: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Երևանում և իմ գործընկեր բարեկամի հետ ղեկավարել տնտեսական հանձնաժողովի 12-րդ նիստը:

Նախ, ուզում եմ նշել, որ տնտեսական հանձնաժողովը կարևոր հարթակ է մեր երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և մշակութային կապերի հզորացման համար: Ինչպես հայտնի է, մենք բազմադարյա բարիդրացիական բարեկամություն և եղբայրություն ունենք, և այսօրվա նիստն էլ ևս մեկ քայլ կլինի մեր երկրների տնտեսական առաջընթացի, նորարարությունների ներդրման առումով:

Իսկ այս ամենին հնարավոր է հասնել միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության պայմաններում: Մենք բավականին դրական դինամիկա ունենք կառավարությունների միջև: Հաճույքով ուզում եմ նշել, որ անցած տարի հունվար-նոյեմբեր շրջանում առևտրաշրջանառությունն աճել է մոտավորապես 70 տոկոսով և գերազանցել է 1 մլրդ դոլարը: Իսկապես դա ողջունելի արդյունք է: Հայաստանը Վրաստանի համար դարձել է 6-րդ առևտրային գործընկերը: Թոփ տասնյակում Հայաստանը 6-րդ տեղում է, ինչը մեզ շատ է ուրախացնում:

Ուզում եմ նշել նաև, որ բոլոր ուղղություններով մենք ունենք դրական առաջընթաց. զբոսաշրջություն, բեռնափոխադրումներ, բոլոր ուղղություններով աճել են տվյալները:

Պարոն վարչապետ,

հանձնաժողովի թանկագին անդամներ,

ուզում եմ նշել նաև, որ մեր իշխանությունը, մեր երկիրը, մեր ժողովուրդը շահագրգռված ենք, որ տարածաշրջանում լինի երկարաժամկետ խաղաղություն: Այս նպատակով ուզում եմ նշել, որ մենք ունենք նախաձեռնություն խաղաղ հարևանության հարթակի ձևավորման համար: Տվյալ ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերի և այլ նախաձեռնությունների, հակառակը՝ դա կօգնի, էլ ավելի կհզորացնի հնարավորությունները, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի:

Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առանց կայունության և խաղաղության անհնար է հասնել հզոր, երկարաժամկետ տնտեսական վերելքի և մեր ժողովուրդների բարեկեցության:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների հանձնաժողովի անդամներին: Շատ արդյունավետ, արգասաբեր աշխատանք է կատարվել երկու կառավարությունների կողմից:

Մեկ անգամ ևս ողջունում եմ բոլորիդ, սրտանց շնորհավորում Ամանորն ու Սուրբ ծնունդը, հաջողություն և բարօրություն ցանկանում մեր բարեկամ հայ ժողովրդին»:

Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրերին:

Նիստի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր: Ստորագրվել է նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որն ուժի մեջ կմտնի երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո:

Հայերեն العربية English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն