Հասարակական

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականին մեղադրանք է ներկայացվել

3 րոպեի ընթերցում

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականին մեղադրանք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գ.Թ.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին վերջինս, քաջատեղյակ լինելով, որ վերը նշված համալսարանի ռեկտորի ընտրություններով պայմանավորված, համալսարանի վարչական շենքում գտնվում են ինչպես այդ հաստատության բազմաթիվ աշխատակիցներ, ուսանողներ, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մի շարք աշխատակիցներ և այլ պաշտոնատար անձինք, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտակցելով, որ այդ պահին վարչական շենքում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն լուսաբանվում է լրագրողների կողմից և հասանելի է հասարակության լայն շերտերի համար, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք՝ Գ.Թ.-ն համալսարանի վարչական շենքում բարձրաձայն, բոլորի համար լսելի անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հասցեին' խափանելով մարդկանց անդորրն ու այդ պահին ընթացող հանրային միջոցառումը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 27-ին միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ վերոնշյալ համալսարանի ռեկտորի խորհրդականի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 28-ին վերջինիս մեղադրանք է ներկայացվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել «Բացակայելու արգելքը» և «Պաշտոնավարման կասեցումը»։

Որպես խափանման միջոց ընտրված՝ «Պաշտոնավարման կասեցման» մասին որոշումը կատարման նպատակով ուղարկվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին, ինչպես նաև այդ մասին տեղեկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում