Մշակույթ

Աշխատելու ենք որպես միասնական թիմ՝ հանուն մեր երկրի զարգացման. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրեններին

2 րոպեի ընթերցում

Աշխատելու ենք որպես միասնական թիմ՝ հանուն մեր երկրի զարգացման. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրեններին

ԵՐԵՎԱՆ,28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Նախարարին ուղեկցել է ոլորտը համակարգող փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին, կարևորել նրանց գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Ըստ նախարարի՝ թանգարանային ոլորտում նախատեսվում են ակտիվ բարեփոխումներ, որոնք մասնավորապես վերաբերում են օրենսդրական կարգավորումներին, կառավարման և ֆինանսավորման համակարգերում նոր գործիքների ներդրմանը, էլեկտրոնային տոմսային միասնական քաղաքականության մշակմանը: Այդ գործընթացներում նախարարն ընդգծել է յուրաքանչյուրի ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը:

«Չնայած բոլոր դժվարություններին՝ այն ամենը, ինչ կարևոր է մեր երկրի զարգացման համար, միասին պետք է դարձնենք իրականություն: Վստահ եմ՝ աշխատելու ենք որպես միասնական թիմ. նախարարությունը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և փաստել, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային միջավայրի բարելավման աշխատանքներին, ինչը բոլոր թանգարաններում պետք է ապահովվի:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում և Պատմության թանգարանում իրականացվող աշխատանքները, որոնց ավարտը նախանշվում է գալիք տարում:

Թանգարանների տնօրենները նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել են Ժաննա Անդրեասյանին` վստահություն հայտնելով, որ աշխատանքները կիրականացվեն արդյունավետ ու փոխգործակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում