Հասարակական

Ոստիկանները վնասազերծել են Նոր Խարբերդի հագուստի խանութում նռնակ պայթեցրած 35-ամյա տղամարդուն

2 րոպեի ընթերցում

Ոստիկանները վնասազերծել են Նոր Խարբերդի հագուստի խանութում նռնակ պայթեցրած 35-ամյա տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը դեկտեմբերի 25-ի ժամը 16.25-ի սահմաններում տարբեր քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի խանութում նռնակով քաղաքացի կա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի բաժնի, տարածքային քննչական մարմնի ղեկավար կազմը, բաժնի օպերատիվ խումբը և Մասիսի հրշեջ-փրկարարական ծառայությունը։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի հագուստի խանութ նռնակով մտած տղամարդը խանութի նախկին սեփականատերն է։ 35-ամյա նորխարբերդցին նռնակով սպառնացել էր խանութի սեփականատիրոջ 16-ամյա որդուն, որ եթե նա դուրս չգա, կպայթեցնի խանութը։ Պատանին դուրս էր եկել խանութից, ինչից հետո տղամարդը պայթեցրել էր նռնակը։ Վնասվել էին սրահի գույքը, պատուհանների ապակիները, իսկ գույքի մի մասը տղամարդը նետել էր փողոց։ Իրավապահների բանակցությունների արդյունքում 35-ամյա տղամարդը վնասազերծվեց։ Նա ձերբակալվեց և ներկայացվեց Մասիսի քննչական բաժին։ Տղամարդու մոտ հայտնաբերվեցին «F-1» տեսակի մարտական նռնակ ու կռփազենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում