«Երևանյան բեսթսելեր». «Հինգ խոզուկներ»-ը ՝ առաջատար. թարգմանական. նոյեմբեր, 2022

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերիվաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Հինգ խոզուկներ» գիրքը։ Տասնվեց տարի առաջ կատարված հանցագործությունը վկաներից յուրաքանչյուրը վերհիշում ու վերապատմում է իր տեսանկյունից, իսկ մասնավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն համոզված է, որ ճշմարտությունը բացահայտել կարող է նաև առանց իրեղեն ապացույցների՝ համադրելով յուրաքանչյուրի պատմածն ու այդ ամենը հոգեբանորեն վերլուծելով: Թարգմանությունը՝ Էլիզա Մկրտչյանի։

Երկրորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Առեղծվածային պատահար Սթայլզում» վեպը, որը տարիներ շարունակ միլիոնավոր ընթերցողների գրաված ստեղծագործություններից առաջինն է: 1920 թվականին լույս տեսած գրքում առաջին անգամ հանդիպում ենք աշխարհահռչակ խուզարկու Էրքյուլ Պուարոյին: Բելգիական ոստիկանության նախկին սպան իր մի քանի հայրենակիցների հետ ապաստան է գտել Սթայլզ Քորթ կալվածքի հարևանությամբ՝ փախստականների համար նախատեսված կացարանում: Կալվածքի մեծահարուստ տիրուհու՝ միսիս Ինգլթորփի մահն իսկական իրարանցում է առաջացնում գյուղում, և ընտանիքի անդամները դիմում են Պուարոյին՝ առեղծվածի կծիկը քանդելու: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում» գիրքը երրորդ տեղում է։ «Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Ագաթա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Չորրորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Հինգերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի

կիզակետում:Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական

մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը վեցերորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։ Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։ Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը յոթերորդ տեղում է։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Ութերորդ տեղում է Էրիխ Մարիա Ռեմարկի «Սիրիր մերձավորիդ» վեպը։ Վեպի առանցքում բախտակից երեք էմիգրանտների կյանքի պատմությունն է: Քսանմեկամյա Լյուդվիգ Քեռնի, փորձառու, տարեց էմիգրանտ Շթայների և Քեռնի սիրելիի՝ Ռութի շուրջ են ծավալվում վեպի անչափ հուզիչ գործողությունները: Էմիգրանտներ, որ լքել են նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և փորձում են եվրոպական մյուս երկրներում տանիք և աշխատանք գտնել: Պրահայով և Վիեննայով առանց անձնագրի ու փաստաթղթերի փախուստ Շվեյցարիա, նացիոնալ-սոցիալիստների մշտարթուն հետապնդումներ նաև Գերմանիայից դուրս, ի վերջո դրամատիկ հանգուցալուծում Փարիզում: Ուրախ և տխուր, երջանիկ և դժբախտ ակնթարթներ, որ անսպասելի հետևում են իրար ու ի վերջո ըմբռնել տալիս, որ կյանքում ամենակարևորը նույնիսկ ամենածանր պահերին մերձավորի հանդեպ սերն է և հոգատարությունը: Թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի։

Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» իններորդ տեղում է։ 1932 թվականին լույս տեսած «Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Սա հեղինակի՝ թվով յոթերորդ գործն է, որի գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է։ Սյուժետային զարգացումներն ընթանում են կտրուկ և անսպասելի, ինչը հատուկ է դետեկտիվի թագուհու բոլոր վեպերին։ Եվ միայն խորագետ ու փորձառու խուզարկուին է հաջողվում աստիճանաբար առանձնացնել անհավատալի թնջուկի բոլոր թելերը։ Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի։

Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» տասներորդ տեղում է։ Անգլիայի իր միապաղաղ կյանքից խուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։ Թարգմանությունն անգլերենից`Ռուզաննա Սուքիասյանի:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Ագաթա Քրիստի

«Հինգ խոզուկներ»

Էդիթ Պրինտ 122
2 0

Ագաթա Քրիստի

«Առեղծվածային պատահար Սթայլզում»

Էդիթ Պրինտ 91
3 *

Ագաթա Քրիստի

«Սպանություն գոլֆի դաշտում»

Էդիթ Պրինտ 84
4 *

Ալեքս Մայքլիդիս

«Լռակյաց հիվանդը»

Newmag 80
5 0

Ագաթա Քրիստի

«Մահ Նեղոսի վրա»

Էդիթ Պրինտ 70
6 +2

Ագաթա Քրիստի

«Սպանություն Արևելյան ճեպընթացում»

Էդիթ Պրինտ 66
7 -4

Էլիզաբեթ Գիլբերթ

«Ուտել, աղոթել, սիրել»

Զանգակ 55
8 նոր

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Սիրիր մերձավորիդ»

Էդիթ Պրինտ 54
9 -2

Ագաթա Քրիստի

«Էնդհաուզի առեղծվածը»

Էդիթ Պրինտ 53
10 *

Ջոջո Մոյես

«Աստղեր նվիրողը»

Զանգակ

51

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով