Քաղաքականություն

Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիայի մասնակիցները Չինաստանի դեսպանատան մոտ ներկայացրեցին այդ երկրից իրենց ակնկալիքները

4 րոպեի ընթերցում

Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիայի մասնակիցները Չինաստանի դեսպանատան մոտ ներկայացրեցին այդ երկրից իրենց ակնկալիքները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հույս հայտնեց, որ Չինաստանը կարող է այս հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դարձնել քննարկման թեմա և առաջ մղել Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության կարևորությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստեփանյանը նման տեսակետհայտնեց Չինաստանի դեսպանատան դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ:

«Չինաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկը և կարևորագույն դերակատարություն ունի աշխարհում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղության պահպանման օրակարգն առաջ մղելու հարցում: Հաշվի առնելով նաև Չինաստանի հետ հայ ժողովրդի պատմական բարեկամական հարաբերությունները և նաև այն հանգամանքը, որ Չինաստանը ևս կարող է այս հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դարձնել քննարկման թեմա և առաջ մղել Արցախի ժողովրդի կայնքի իրավունքի պաշտպանության կարևորագույն հարցը՝ մենք որոշել ենք մեր պատրաստած նամակը փոխանցել նաև Հայաստանում Չինաստանի ներկայացուցչին»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները. հատկապես սկսած 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից՝ Ադրբեջանը առավել ինտենսիվ կերպով խախտում է հայտարարության գրեթե բոլոր դրույթները:

Ըստ նրա՝ որպեսզի Արցախը կարողանա միջազգային հստակ երաշխիքներ ունենալ, անհրաժեշտ է գործարկել ՄԱԿ-ի համապատասխան գործիքակազմը, իսկ դրա համար հարցը պետք է քննարկման առարկա դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և անվտանգության խորհրդի բոլոր անդամները իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն:

«Այսօր մենք այստեղ ենք տեղեկացնելու Չինաստանի ներկայացուցիչներին, որ Արցախում այս պահին 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ: Ադրբեջանը դիտավորյալ դադարեցրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ գնացող միակ գազատարի աշխատանքները, և այսօր՝ ձմեռվա այս պայմաններում, 120 հազար մարդ զրկված է ջեռուցման, տաք ջրի հնարավորությունից և այլ կենսական նշանակության պայմաններից: Արցախում այս պահին դադարեցված են դպրոցների, մանկապարտեզների աշխատանքները, դժվարություններով են աշխատում հիվանդանոցները: Այս հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ամբողջ միջազգային հանրությունն է պատասխանատվություն կրում, այդ թվում՝ Չինաստանը»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը :

Բողոքի ակցիայի մասնակիցները դիմեցին Չինաստանի կառավարությանը՝ օգտագործել իր հեղինակությունը և հնարավորությունները Արցախի շուրջ ստեղծված այս աղետալի հարցը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնելու համար և սատար կանգնել Արցախի ժողովրդին:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում