Սփյուռք

Նոր սրբավայր՝ Սուրբ Երկրում. Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նոր եկեղեցի կկառուցի Հորդանան գետի ափին

5 րոպեի ընթերցում

Նոր սրբավայր՝ Սուրբ Երկրում. Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նոր եկեղեցի կկառուցի Հորդանան գետի ափին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ծրագրում է նոր եկեղեցի կառուցել Հորդանան գետի ափին, որը հնարավորություն կընձեռի Սուրբ Երկիր եկող հայ ուխտավորներին արարողությունների մասնակցել այդ սրբավայրում, ինչպես նաև մկրտություններ կատարել այնտեղ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ հավելելով, որ տարածքը վերջերս է մաքրվել ականներից և բոլոր քրիստոնյա համայնքներին հողատարածքներ են հատկացվել այնտեղ եկեղեցիներ կառուցելու համար: Այժմ ակտիվ աշխատանք է տարվում այդ կարևոր սրբավայրում եկեղեցի կառուցելու համար բարերար գտնելու ուղղությամբ:Վարդապետի խոսքով՝ եկեղեցու կառուցումը կակտիվացնի Երուսաղեմում հայկական համայնքի հոգևոր-մշակութային կյանքը:

Վերջերս բացվել է նաև «Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարանը, որ փակ էր գրեթե 10 տարի: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, սակայն այցելուների համար այն բաց է նոյեմբերի 15-ից: Թանգարանում ներկայացված է Սուրբ Երկրում հայերի ներկայության ամբողջ շրջանը՝ տարբեր տիրապետությունների՝ հռոմեական, բյուզանդական, արաբական, խաչակիրների, մամլուքների, օսմանյան, բրիտանական, հորդանանյան և իսրայելյան ժամանակաշրջաններում:

Նա նշեց, որ թանգարանում հիմնականում ներկայացված են տարբեր իշխանությունների օրոք պատրիարքության և հայերի արձանագրած ձեռքբերումները, և այն հարուստ ժառանգությունը, որ ստեղծվել է Սուրբ Երկրում: Հատուկ բաժնում ցուցադրված են տարբեր տիրակալների կողմից հայ պատրիարքներին տրված հրամանագրերը և հրովարտակները, որոնցով ճանաչվել են Հայ եկեղեցու իրավունքները՝ սրբավայրերում, և ունեցվածքը՝ Սուրբ Երկրում:

«Առանձին բաժնով ներկայացված է Հայոց ցեղասպանությունը, որտեղ հատուկ անդրադարձ կա թանգարանի շենքում 1922 թվականին բացված «Արարատեան» որբանոցի պատմությանը: Ներկայացված է նաև Հայոց պատրիարքության կողմից Երուսաղեմում բացված (1833թ.) առաջին տպարանի պատմությունը: Այցելուներն այստեղ կարող են տեսնել առաջին տպագրական մեքենան, տպված առաջին գիրքը և մի քանի տառատեսակներ:

Հարուստ հավաքածուով ներկայացված է Սուրբ Երկիր հայերի կողմից ներմուծված հախճապակու արվեստը, որտեղ ցուցադրված են հիմնականում առաջին երեք արվեստագետների՝ Նշան Բալյանի, Մկրտիչ Գարագաշյանի և Դավիթ Օհանէսսյանի և նրանց շառավիղների աշխատանքները: Նրանց շնորհիվ հախճապակու արվեստը Երուսաղեմում դարձել է հայ ժողովրդի յուրօրինակ այցեքարտ»,- ասաց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Դիվանապետը համոզված է՝ թանգարան այցելող յուրաքանչյուր ոք, թերևս, ամենաշատը կտպավորվի Սուրբ Երկրում անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանով՝ վեցերորդ դարում պատրաստված 4,4 մ x 7,15 մ հայկական խճանկարով:

Վարդապետը նկատեց՝ Երուսաղեմի հայ պատրիարքն այժմ բավական ակտիվ աշխատանք է տանում՝ թանգարանին կից Ժառանգավորաց վարժարանի նախկին շենքը վերածելու պատկերասրահի, որտեղ ծրագրվում է ցուցադրել միայն հայ արվեստագետների աշխատանքները: Թանգարան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է այցելել նաև պատկերասրահ և ծանոթանալ նրանց ստեղծագործություններին:

Անդրադառնալով խնդիրներին՝ Կորյուն վարդապետ Բաղդասարյանն ընդգծեց, որ հայերի, ինչպես նաև՝ այնտեղ ապրող բոլոր քրիստոնեական համայնքների ներկայացուցիչների հիմնական խնդիրները կապված են երկրի անվտանգության հետ: Արաբա-իսրայելական կոնֆլիկտի պատճառով հաճախ են լինում ահաբեկչական գործողություններ, սպանություններ և տարբեր անկարգություններ, որոնք բացասաբար են ազդում հայ համայնքի առօրյա կյանքի, աշխատանքի և բիզնես գործունեության վրա:

«Անվտանգության խնդիրներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում նաև պետության տնտեսության վրա, որի պատճառով մեր հայրենակիցներից շատերը հեռացել են Սուրբ Երկրից և հաստատվել են հայրենիքում կամ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում»,-եզրափակեց վարդապետը:

Մինչև 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմը Սուրբ Երկրում ապրել է 25 000 հայ: 1920-ական թվականներին երկրի հյուսիսում նույնիսկ հայկական գյուղ է հիմնադրվել «Ատլիտ» անունով: Հայերի թիվը զգալիորեն նվազել է 1948 թվականի պատերազմի և դրան հաջորդած տնտեսական ճգնաժամերի պատճառով:

Երուսաղեմի Հայկական թաղամասում ապրում է մոտավորապես 3000 հայ: Սուրբ Երկրում (ներառյալ Պաղեստինը) ապրում է մոտ 8000-10000 հայ:

Սուրբ Երկրում հաստատվելուց երեք դար հետո՝ 638 թվականին, հայերը հիմնել են Հայոց պատրիարքությունը: Հայ համայնքն այստեղ համարվում է կրոնական փոքրամասնություն, որի ղեկավարն է Երուսաղեմի հայ պատրիարքը:

Գայանե Գաբոյան

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում