Սպորտ

Մունդիալ-2022. Արգենտինան պատմության մեջ 6-րդ անգամ եզրափակիչում է

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2022. Արգենտինան պատմության մեջ 6-րդ անգամ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչի շրջանակներում Արգենտինան մրցեց Խորվաթիայի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լուսաիլ քաղաքի համանուն մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին խորվաթներն ավելի շատ էին տիրում գնդակին, իսկ Արգենտինան էլ զուսպ էր գործում: Նախաձեռնությանը տիրում էր աշխարհի գործող փոխչեմպիոնը՝ Խորվաթիան, իսկ հարավամերիկացիները սպասում էին իրենց պահին: Առաջին կեսը լի չէր սուր գրոհներով: Թիմերը դիրքային գրոհներ էին կազմակերպում: Հանդիպման 33-րդ րոպեին Արգենտինան 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, երբ Խորվաթիայի դարպասապահը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները: Այն անվրեպ իրացրեց Լեո Մեսին: Վերջինս այս գոլով դարձավ Արգետինայի հավաքականի կազմում աշխարհի առաջնություններում բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (11 գնդակ): Այդ ընթացքում Խորվաթիայի ընտրանու պահեստայինների շարքում կարմիր քարտ ստացավ խորվաթների մարզչական շտաբի անդամ Մարիո Մանջուկիչը:

Արգենտինան օգտագործեց իր հնարավորությունը 38-րդ րոպեին, երբ գեղեցիկ անցումից հետո գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Խուլիան Ալվարեսը: Առաջին կեսի վերջնամասում արգենտինացիները լուրջ խնդիրներ էին ստեղծում խորվաթների համար:

Երկրորդ կեսի մեկնարկում խորվաթների ձգտում էին գոնե կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Արգենտինան հստակ էր գործում պաշտպանությունում: Երկու թիմերը բաց ֆուտբոլ էին ցուցադրում՝ մեծ տեմպ հաղորդելով հանդիպմանը: Բայց Արգենտինայի ընտրանու ավագը՝ Լեո Մեսսին, իր կազմակերպած գրոհը եզրափակեց գոլային փոխանցմամբ, որն էլ դիպուկ հարվածով ավարտեց Խուլիան Ալվարեսը (դուբլ): Արգենտինա-Խորվաթիա` 3:0:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մյուս կիսաեզրափակիչում կմրցեն Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները: Իսկ եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում