Տարածաշրջանային

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի ձեռնարկատերերի և պաշտոնյաների դեմ

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի ձեռնարկատերերի և պաշտոնյաների դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի ձեռնարկատերերի և պաշտոնյաների դեմ, որոնց մեղադրել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումներին մասնակցելու մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Բրիտանական կառավարության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են «իրանցի այն գործարարներին և պաշտոնյաներին, որոնք կապված են Կրեմլի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության և/կամ մատակարարման հետ»։

Պատժամիջոցների ցանկում է հայտնվել Oje Parvaz Mado Nafar Company ընկերությունը, դրա տնօրեն Յուսեֆ Աբութալեբին։ Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Աբդոլլահ Մեհրաբիի և Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Աֆշին Հաջեհ Ֆարդի նկատմամբ։

Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանը, իբր, ներկայումս անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, սակայն Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ։

Երեկ Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել էր, որ անօդաչուների հարցով ուկրաինացի և իրանցի փորձագետների հանդիպման ժամանակ Կիևն ապացույցներ չի ներկայացրել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու վերաբերյալ։ Նա նաև հավելել էր, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցություն գոյություն ունի վաղուց, և դարձյալ հաստատել Էր, որ երկրներն Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ չեն փոխգործակցել անօդաչուների հարցով։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում