«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին վավեր կհամարվեն միայն tomsarkgh.am-ից և Telcell-ից գնված տոմսերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին վավեր են համարվելու միայն այն տոմսերը, որոնք հանդիսատեսը գնել է tomsarkgh.am-ից և Telcell-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ հորդորելով չգնել վերավաճառվող տոմսեր, որոնք հավանական է՝ կեղծ են:

«Լսել ենք մրցույթի տոմսերի վերավաճառքի մասին: Մենք ոչինչ չենք կարող անել այդ ուղղությամբ, որովհետև վաճառքը չի վերահսկվում: Մարզահամերգային համալիրի մուտքի մոտ վավեր են լինելու միայն tomsarkgh.amկայքից և մրցույթի ցուցադրության գլխավոր հովանավոր Telcell-ից գնված տոմսերը: Շուկայից, սև շուկայից գնված տոմսերը վավեր կարող են չլինել, կարող են լինել կեղծ, և գնորդները կարող են դառնալ խաբեության զոհ, ինչի պատճառով հնարավոր է՝ տհաճ իրավիճակ ստեղծվի համալիրում»,-շեշտեց Մովսիսյանը:

Նա խնդրեց զգույշ լինել ու չօգտվել վերավաճառքից՝ ևս մեկ անգամ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը չեն կարող պատասխանատվություն կրել:

Անդրադառնալով տոմսերի արագ սպառմանը՝ Մովսիսյանն ասաց, որ դա անսպասելի է եղել: «Սա նաև մեր հանրային կապերի աշխատանքի արդյունքն է: Արդեն կարծում ենք, որ պետք է քիչ խոսել մրցույթից, որովհետև շատերն են ուզում ներկա լինել դահլիճում, իսկ տոմսերը քիչ էին»,-շեշտեց նա՝ հիշեցնելով, որ տոմսերը վաճառվել են երկու փուլով ու շատ արագ են սպառվել:

Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ տեխնիկական աշխատանքների արդյունքում մարզահամերգային համալիրում քչացել է նստատեղերի թիվը: Տոնին շատերին մասնակից դարձնելու նպատակով են մրցույթի մեկնարկը գեղեցիկ համերգային ծրագրով ազդարարել հոկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին»կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնցկմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Միջոցառումըտեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայերեն