Կամավորական աշխատանքից մինչև մշտական բնակություն. AVC-ն աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան է բերում սփյուռքահայերի և օտարերկրացիների

13 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Armenian Volunteer Corps (Հայ կամավորների միություն) ծրագրի շնորհիվ կամավորական աշխատանքի համար մինչ օրս աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են եկել ավելի քան 1100 սփյուռքահայեր ու օտարերկրացիներ: Նրանց մի մասը, Հայաստանին պարզապես սիրահարված, երկրում մշտական բնակություն հաստատելու որոշում է կայացրել, ոմանք էլ ծրագրի ավարտից հետո անգամ Հայաստանի հետ կապը չեն կորցրել, հաճախ են գալիս, ներգրավվում տարբեր ծրագրերում:

Ծրագիրը խորը ակունքներ ունի: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ մի ամերիկահայ ԱՄՆ կառավարության «Խաղաղության կորպուս»-ի ծրագրով եկել է Հայաստան՝ կամավորության, ավարտից հետո որոշել ստեղծել նմանատիպ ծրագիր: Այսպիսով 2000 թ հիմնվել է AVC (Հայ կամավորների միություն) ծրագիրը, 2006-ից արդեն «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի հովանու ներքո ծրագիրը հնարավորություն է տալիս 21 տարին լրացած օտարերկրացի և 32 տարեկանը լրացած սփյուռքահայ ու օտարերկրացի կամավորներին գալ Հայաստան՝ կամավորական աշխատանքի՝ մինչդեռ գործընկեր «Դեպի Հայք» ծրագիրը կամավորական ծրագրեր է կազմակերպում 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների համար: AVC-ն իրականացնում է Junior corps (21-32 տարեկանների համար), Professional corps (32-59 տ.) և Senior corps (60+) ծրագրերը:

Ի դեպ, AVC –ի գործադիր տնօրենը՝ Արինա Զոհրաբյանը ևս ծրագրի շրջանավարտներից է, նա կամավորության համար Հայաստան էր եկել դեռ 2002-ին: Իսկ հիմա արդեն որպես գործադիր տնօրեն՝ ինքն է պատմում ծրագրի մանրամասների, գրանցած հաջողությունների ու ակնկալիքների մասին: Նա ընդգծում է՝ կամավորությունը կյանքը փոխելու եղանակ է: «Կամավորությունը միայն տալը չէ, նրանք նաև շատ բաներ են ստանում, սովորում»,-ասում է գործադիր տնօրենը՝ հիշեցնելով իրենց կարգախոսի մասին՝ «Եկեք սարեր շրջեք»:

Արինա Զոհրաբյան (AVC-ի գործադիր տնօրեն)

Աշխարհում գործող կամավորական շատ ծրագրեր մեծ գումարներ են գանձում, բայց քանի որ AVC-ն գործում է «Հ. Հովնանյան» հիմնադրամի հովանու ներքո, կամավորներից ոչ միայն գումար չի պահանջվում 1 ամսից մինչև 1 տարի ժամկետով կամավորելու դեպքում, այլ նաև կամավորական ծրագրերը կազմակերպելուց բացի տրամադրում է աջակցություն տարբեր հարցերում՝ հայերենի անվճար դասընթացներ, հյուրընկալ ընտանիքում մատչելի գներով բնակվելու հնարավորության ստեղծում, ամբողջ Հայաստանում շրջայցեր կատարելու հնարավորություն, նեթվորքինգներ, ֆորումներ, որպեսզի կամավորներն ավելի խորքային պատկերացում կազմեն Հայաստանի մասին, ադապտացվեն: Արինա Զոհրաբյանն ընդգծում է՝ իրենց առաքելությունն է աջակցել կամավորներին՝ լիարժեք ճանաչելու Հայաստանը, այստեղ դրական փորձառություն ձեռք բերելու և արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

«Անհատական մոտեցում է ցուցաբերվում դիմորդներին, ծրագրի պատասխանատուները փորձում են հասկանալ նրանց գիտելիքները, հնարավորությունները, հետաքրքրությունները: Կարևորվում է հիմնականում ցանկությանն ու այն, թե մարդն ինչ ներդրում կարող է ունենալ Հայաստանում: Ընտրվում են մարդիկ, որոնք կարող են թեկուզ փոքր դրական փոփոխություն բերել Հայաստանում: Ապա դիտարկում են նաև Հայաստանում 1300-ից ավելի գործընկեր կազմակերպությունների կարիքները, որտեղ կամավորում են ծրագրի մասնակիցները, և միացնում միմյանց»,-ասում է Արինա Զոհրաբյանը:

Կամավոր Լեանա Կորեիապինտո (Ֆրանսիա)

Գործընկեր կազմակերպությունները տարբեր ոլորտներից են՝ բիզնեսի, կրթության, մշակույթի, արվեստի, ՏՏ: Կամավորներն աշխատանքներում են ներգրավվում նաև պետական կառույցներում, օրինակ՝ Զբոսաշրջության կոմիտեում, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում, Առողջապահության նախարարությունում, դպրոցներում, համալսարաններում:

«Այս տարի առաջին տարին է, որ ծրագրի շրջանակում Հայաստան է եկել ավելի քան 100 կամավոր: Այս պահին 109 կամավոր է եկել Հայաստան, բացի այդ 18 հոգի նախորդ տարվանից շարունակում է կամավորությունը: Եկածների 41 տոկոսը սփյուռքից է, մնացածը՝ օտարերկրացիներ են»,-պատմում է Զոհրաբյանը:

Ծրագրի շրջանակներում Հայաստանում կամավորելու են եկել 26 երկրներից՝ մասնավորապես ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Արգենտինայից, Կանադայից, Ավրստրալիայից, Անգլիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Հնդկաստանից և շատ ու շատ այլ երկրներից: Քիչ չեն մարդիկ, ովքեր ծրագրի ավարտից հետո մնացել են Հայաստանում կամ հետո վերադարձել՝ մշտական բնակության:

«Երբ հարցազրույց էի անցկացնում Բրազիլիայից մի տղայի հետ, հարցրեցի, թե ինչո՞ւ Հայաստան: Նա պատմեց, որ, ավագ դպրոցում դասագրքերում շատ է կարդացել Հոլոքոստի մասին, տարբեր երկրների մասին, սակայն Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին եղել է ընդամենը 2 կարճ պարբերություն, ինչն էլ հետաքրքրություն է առաջացրել՝ ավելի շատ սովորելու Հայաստանի մասին: Այսինքն՝ Հայոց ցեղասպանության մասին քիչ նյութը պատճառ է հանդիսացել, որ ինքն ավելի շատ ուսումնասիրի Հայաստանն ու սիրահարվի երկրին: Ծրագրի ավարտից հետո Հայաստանում նաև մի քանի ամսով ուսումնառություն է անցել: Հիմա նպատակ ունի վերադառնալ Հայաստան՝ կիսվելու իր մասնագիտական հմտություններով և գուցե մշտական այստեղ մնալու»,-պատմում է Զոհրաբյանը:

Կամավոր Փիթեր Վան Դեր Դին (Նիդերլանդներ)

Տարբեր երկրներից ժամանած կամավորները Հայաստան են բերում իրենց փորձը, ինչպես նաև՝ նոր մոտեցում, ստեղծագործ գաղափարներ և դրական փոփոխություններ։

ԱՄՆ-ից Հայաստան՝ «Սարեր շրջելու» է եկել նաև Սթիվեն Բրիջսը: AVC-ի շրջանակում նա Հայաստանում է արդեն 3 ամիս: Կամավորությամբ աշխատում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության պետական կոմիտեում ՝ որպես բովանդակագիր (content writer): «Իմ աշխատանքն է բովանդակություն, տեքստ պատրաստել Հայաստանի առաջին պետական հրատարակված քարտեզների համար: Հայաստանի յուրաքանչյուր շրջանի համար զբոսաշրջային գրքույկներ ենք պատրաստում: Ավելին, ես բովանդակություն եմ պատրաստում կոմիտեի նոր կայքի, ինչպես նաև սոցիալական մեդիայի համար»,- պատմում է Սթիվեն Բրիջսը:

Ստիվեն Բրիջս (ԱՄՆ)

Սթիվենն ակտիվորեն ներգրավված է նաև համայնքային ծառայության ծրագրերում, ինչը հիանալի հնարավորություն է համարում համայնքներին օգնելու և կամավորների հետ կապ հաստատելու համար: «Դիմեցի ծրագրին, քանի որ ցանկանում էի մագիստրատուրայիս վերջին կիսամյակի ընթացքում պրակտիկա անցնել արտերկրում։ Ես նաև ուզում էի իմ աչքով տեսնել Հայաստանը, քանի որ մեծացել եմ հայերով ու հայկական մշակույթով շրջապատված»,-ասում է նա:

Սթիվենն ուրախ է, որ ծրագրին մասնակցության շնորհիվ հայ հասարակությունում հարգված տեղ ունի, բացի այդ ծրագիրն իրեն տվել է ուժեղ սոցիալական և մասնագիտական ցանց: «AVC-ն ինձ պատկերացում է տվել հայաստանյան կյանքի մասին և ցույց է տվել, թե ինչ դրական ներդրում կարող ենք ունենալ Հայաստանում՝ կամավորական գործունեության միջոցով»,-ասում է Սթիվենը:

Senior corps կամավորներ

Նա հավանական է համարում, որ ծրագրի ավարտից հետո կարող է մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Հայերեն դեռևս շատ լավ չի խոսում, սակայն նշում է, որ հայկական միջավայրում ներգրավվելը, անկասկած, լավացրել է հայերենի իր իմացությունը: Լեզվակիրների հետ մշտական շփումից սովորել է մի շարք հայերեն բառեր և արտահայտություններ։

Իսկ ահա 2019-ից Հայաստանում ապրող՝ ազգությամբ հնդկուհի, Ուպասնա Դութը բավականին լավ է հասկանում հայերեն, անգլերեն չխոսող հայերին էլ այսպես է ասում. «Ոչինչ, ես հայերեն հասկանում եմ, բայց խոսում եմ՝ քիչ»: Հենց այդ մարդկանց արձագանքն էլ Ուպասնային մոտիվացնում է հայերեն նոր բառեր սովորելու: «Լինելով հնդկուհի՝ չեմ կարծում, որ հայերենն ինձ շատ կօգնի, բայց այո, հպարտությամբ կարող եմ ասել, որ գիտեմ հայերեն, երբ աշխարհում հանդիպեմ այլ հայերի»,-ասում է նա:

Ուպասնա Դութ (Հնդկաստան)

Ուպասնա Դութը Հայաստանում այժմ շաբաթական 3 օր աշխատում է Հայ ամերիկյան առողջության կենտրոնի ատամնաբուժական բաժանմունքում, իսկ 2 օրը՝ ԼՂՀ ՀԿ-ում:

«Իմ աշխատանքն է հիմնականում օգնել կազմակերպություններին տարբեր ծրագրերում, ինչպիսիք են դրամահավաքը, ինչպես նաև նոր նախագծերի իրականացումը՝ դրանց առաջմղման համար»,-ասում է Ուպասնան՝ հավելելով, որ այս նախագծերն ավարտելուց հետո անհամբերությամբ սպասում է կամավորական ևս մեկ աշխատանքի:

Իսկ թե ինչու է որոշել դիմել ծրագրին ու Հայաստանում կամավորական աշխատանք կատարել՝ բացատրում է՝ լինելով ակտիվ ուսանող, Հայաստանում իր ուսումնական գրաֆիկով պայմանավորված՝ հնարավորություն չի ունեցել ծառայելու Հայաստանի ժողովրդին: «Հենց ավարտեցի իմ առաջին մագիստրոսական ծրագիրը, անմիջապես դիմեցի՝ AVC-ի շրջանակում կամավոր աշխատելու: Դա ինձ «իմ սրտով երջանկություն» է տալիս, այլ կերպ ասած՝ սա այն տեղն է, որտեղ ես ինձ տեսնում եմ իմ հավակնոտ կարիերայի ընթացքում: Լինել երիտասարդ աշխատող և օգնել սերնդափոխություն իրականացնել այսօր: Վստահ եմ, որ ինչ-որ մեկը ինձ կհարցնի, թե դրանից ի՞նչ եմ ես շահում մասնագիտական դաշտում: Ես կասեմ՝ նեթվորքինգն (ցանցային կապ) օգնում է անհատին բարձրանալ իր կարիերայում, և այստեղ ես տալիս եմ իմ առավելագույնը՝ ստանալու լավագույնը»,-բացատում է նա:

Ուպասնան Հայաստանում մշտական չի կարող բնակվել, սակայն ընդգծում է. «Բայց ես կշարունակեմ գալ իմ ժողովրդի մոտ՝ Հայաստան՝ և որպես AVC-ի շրջանավարտ»:

AVC-ի շրջանավարտների մոտիվացնող պատմությունները շատ են: Նրանցից մեկը ծրագրի ավարտից հետո դրամաշնորհային ծրագիր է շահել, հիմա Գեղարքունիքի մարզում վերապատրաստումներ է անցկացնում տարբեր դպրոցների ուսուցիչների համար: Ծրագրի շրջանակում կամավոր աշխատանքի համար Հայաստան գալու շարժառիթները տարբեր են: Օրինակ՝ Կոլումբիայից մի կնոջ Հայաստան կամավորության է բերել երկրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, այն պատմությունները, որը լսել է իր հայ ընկերներից: Մյուսին Հայաստան է բերել այն հանգամանքը, որ դուստրն ամուսնացել է հայի հետ, ինչն էլ ոգևորել է ավելի մոտիկից ճանաչելու երկիրը, ժողովրդին: Ծրագրի օտարերկրացի մասնակիցներից մեկն էլ ամուսնացել է հայի հետ, այժմ տեսանյութեր է պատրաստում Հայաստանի պատմական վայրերի մասին, դրանք թարգմանում արաբերեն՝ տարածելու աշխարհում:

Արինա Զոհրաբյանը նկատել է կամավորներին Հայաստան է բերում լավ մթնոլորտը, մարդիկ, մշակույթը, պատմությունը, ապահովության զգացումը, հայերի հյուրընկալությունը: Գրեթե բոլոր կամավորները սիրահարվում են Հայաստանին:

Գործադիր տնօրենը նկատում է՝ ծրագրի գործունեության այս տարիներին կարողացել են հասնել ի սկզբանե դրված նպատակին: Այս ծրագիրը նպաստել է կամավորության մշակույթի տարածմանը, մարդիկ ավելի շատ են սկսել հասկանալ կամավորության կարևորությունը: Տարեցտարի ավելի ու ավելի շատ պահանջարկ է ունենում ծրագիրը՝ թե սփյուռքահայերի, թե օտարերկրացիների կողմից:

Հայերեն English Français Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա