Քաղաքականություն

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են երկաթուղու կառուցման հետ կապված հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են երկաթուղու կառուցման հետ կապված հարցեր
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։

Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։

Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում