Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-44/22. Սասունցի Դավիթ, Ալյենդե, Ավանեսյան, Աստվածատուրյան Թերքոթ

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-44/22.  Սասունցի Դավիթ, Ալյենդե, Ավանեսյան, Աստվածատուրյան Թերքոթ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու նոր գրքերի մասին, ծանոթանալու դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

«Սասունցի Դավիթ»

«Սասունցի Դավիթ» կամ «Սասնա ծռեր» հերոսավեպը վիպական- հերոսական պատմությունն է Սասնա դյուցազնական տոհմի չորս սերնդի և, ըստ այդմ էլ, բաղկացած է չորս հիմնական մասից կամ չորս վիպական ճյուղից: Ճյուղերից յուրաքանչյուրը դյուցազնական մեկ սերնդի պատմություն է՝ ծննդից մինչև մահ: Ճյուղերը միմյանց են հարակցված հոր և որդու հաջորդականության սկզբունքով: Թեպետ յուրաքանչյուր ճյուղ առանձին վերցրած վիպական անկախ ու ամբողջական պատմություն է տվյալ սերնդի մասին, բայց այդ ճյուղերի հարակցումը կատարված է ոչ միայն արտաքնապես, սոսկ սերունդների հաջորդականությամբ, այլև վիպական ներքին տրամաբանությամբ և գեղարվեստական որոշակի պատճառակցությամբ: Բնագիրը խմբագրել և հրատարակության է պատրաստել Սարգիս Հարությունյանը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Իսաբել Ալյենդե, «Ոգիների տունը»

Իսաբել Ալյենդեի մանկական հիշողություններից ծնված «Ոգիների տունը» (1982) դեբյուտային վեպը վառ, հարավամերիկյան գույներով պատկերում է Տրուե­բա ընտանիքի պատմությունը՝ լի զվարճալի դրվագներով ու դրամատիկ զարգացումներով։ Այս ընտանիքի պատմության մեջ արտացոլվում է նաև մի ամբողջ երկրի՝ Չիլիի մի քանի տասնամյակների պատմությունը՝ մշակութային ու քաղաքական իր ողջ հարստությամբ և հակասականությամբ։ Այս վեպը շարունակում է մոգական ռեալիզմի ավանդույթները, որոնք ներկայացվում են կին հեղինակի դիտանկյունից։ Հեղինակ` Թարգմանությունը իսպաներենից` Կառա Չոբանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Դավիթ Ավանեսյան, «Արվեստ բոլորի համար»

Գիրքը պատմում է արվեստի տարբեր ներկայացուցիչների և գործերի մասին, ծանոթացնում հետաքրքիր փաստերի հետ և առաջարկում կատարել փորձեր: Հեղինակը, ուսումնասիրելով նմանատիպ այլ գրքեր, հղացել է նորովի մոտեցմամբ ներկայացնելու հայ և օտարերկրացի անվանի մարդկանց: Գրքում նաև կգտնեք տարբեր առաջադրանքներ, որոնք կնպաստեն ձեր ստեղծագործական մտքի զարգացմանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Աննա Աստվածատուրյան Թերքոթ, «Արտաքսում. դեպի անհայտություն»

Ինչպե՞ս 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսեւորումների ականատեսը։ 1988 թվականին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության եւ մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Աննա Աստվածատուրյան Թերքոթն այս գրքում Բաքվի ջարդերի, բնաջնջման եւ ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։ 8-ամյա աղջնակի հիշողության մեջ դաջվում են բոլոր մանրամասները։ Այս պատմությունը ներկայացնում է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը՝ մի ընտանիքի օրինակով։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու եւ օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Այն նախ գրվեց՝ ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո դարձավ գիրք։ Ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով։ Թարգմանիչ` Անուշ Մուրադյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում