ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական The Economist հանդեսի վերլուծական ստորաբաժանման՝ Economist Intelligence Unit-ի (EIU) կողմից կազմված աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակում Նյու Յորքն առաջին անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
ԱՄՆ-ի ֆինանսական մայրաքաղաքն առաջին հորիզոնականը կիսել Է Սինգապուրի հետ, որն անցյալում բազմիցս գլխավորել Է այդ վարկանիշային աղյուսակը: Այս երկու քաղաքները նախկին առաջատար Թել Ավիվին մղել են երրորդ հորիզոնական:
Աշխարհի ամենաթանկ քաղաքների առաջատար տասնյակում նաև տեղ են գտել Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Ցյուրիխը, Սան Ֆրանցիսկոն, Փարիզը, Կոպենհագենը և Սիդնեյը: Դրա հետ մեկտեղ EIU-ն ապրուստի արժեքի մեծ աճ Է նշում վարկանիշային ցուցակում հայտնված բոլոր քաղաքներում՝ Ուկրաինայի իրադարձությունների և Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ կապված:
Գնաճը հատկապես բարձր է եղել Ստամբուլում, որտեղ գները բարձրացել են 86 %-ով, Բուենոս Այրեսում (64 %) և Թեհրանում (57 %):
Դամասկոսը, Տրիպոլին և Թեհրանը ճանաչվել են աշխարհի ամենամատչելի քաղաքները։ 2022 թ.-ի ամենաթանկ քաղաքների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Նյու Յորք
- Սինգապուր
- Թել Ավիվ
- Հոնկոնգ
- Լոս Անջելես
- Ցյուրիխ
- Ժնև
- Սան Ֆրանցիսկո
- Փարիզ
- Սիդնեյ
- Կոպենհագեն
Իսկ 2022 թ.-ի ամենամատչելի քաղաքների տասնյակում են հայտնվել հետևյալ քաղաքները.
- Կոլոմբո
- Բանգալոր
- Ալժիր
- Չենայ
- Ահմեդաբադ
- Ալմաթի
- Կարաչի
- Տաշքենդ
- Թունիս
- Թեհրան
- Տրիպոլի
- Դամասկոս