Մշակույթ

«Երկու պատմություն, մեկ պատերազմ». հանդիսատեսին ներկայացվեցին «Քար» և «250 կմ» ֆիլմերը

3 րոպեի ընթերցում

«Երկու պատմություն, մեկ պատերազմ». հանդիսատեսին ներկայացվեցին «Քար» և «250 կմ» ֆիլմերը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 30-ին Երևանի Կինոյի տանը կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող երկու կարճամետրաժ ֆիլմերի պրեմիերան: «Քար»-ը վավերագրական ու «250 կմ» խաղարկային ֆիլմերը ներկայացվեցին մեկ ընդհանուր խորագրի ներքո՝ երկու պատմություն, մեկ պատերազմ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Քար» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Արման Այվազյանն ասաց՝ ի սկզբանե չի մտածել, որ այն, ինչ վավերագրում է, հետագայում կդառնա ֆիլմ:

« Ֆիլմը տղերքի մասին է, ովքեր գնացել են Քաշաթաղից խաչքարերը բերելու, որի ընթացքում ես, որպես վավերագրող, միացել եմ իրենց: Այս խաչքարերը կարող էին ոչնչացվել ադրբեջանցիների կողմից, ինչպես որ եղել է Ջուղայում: Նման մտավախություն ունեինք»,- ասաց նա:

Ըստ ռեժիսորի՝ վավերագրական ֆիլմը ստեղծագործողի համար ամենաազատ ժանրն է, և այն դառնում է պատմություն՝ ինչպես լուսանկարը և փաստաթուղթը:

Կամավորական խմբի անդամ Աշոտ Հովհաննիսյանը պատմեց, որ ֆիլմն ամբողջությամբ ցույց է տալիս դատարկվող Քաշաթաղից՝ 9-19-րդ դարերի խաչքարերի և տապանաքարերի դուրսբերումը:

Ճարտարապետ, վերականգնող Դավիթ Նահատակյանը ընդգծեց, որ դուրսբերված խաչքարերը մեր մշակույթի և տվյալ տարածաշրջանում մեր ինքնությունը հաստատող անձնագրեր են:

Ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի խոսքով՝ խաղարկային «250 կմ» ֆիլմը պատմում է արցախցի տղայի մասին, ով ավտոմեքենան վարելով 250 կիլոմետր՝ 44-օրյա պատերազմի օրերին փրկել է իր ընտանիքը:

«Ֆիլմն իմ կարծիքով մի շատ կարևոր իմաստ է կրում. դա երեխաների, երիտասարդների հայի տեսակի մասին է, թե իմ կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի այն հերոսն, ով վերցնում է իր վրա այդպիսի մեծ պատասխանատվություն և փրկում է իր ընտանիքը: «250 կմ» ֆիլմի պրեմիերան եղել է Արցախում, և ֆիլմի ավարտին հանդիսատեսի լուռ էմոցիաները փաստել են, որ այն ճիշտ տեղում է ներկայացվել»,- ասաց Հասմիկը:

Հանդիսատեսի վրա մեծ տպավորություն թողած ֆիլմի երաժշտության հեղինակ և համապրոդյուսեր Միքայել Ոսկանյանը պատմեց, որ շատ հուզական է եղել ֆիլմի վրա աշխատելը: Ըստ նրա՝ իրականում այն շատ պատասխանատու աշխատանք է, երաժշտության վերջնական տարբերակը ստանալը շատ դժվարությամբ է տրվել:

Արցախյան 44 օրյա պատերազմի օրերի մասին պատմող երկու ֆիլմերն էլ արդեն արժանացել են մի քանի մրցանակների և երևանյան պրեմիերայից հետո էլ կշարունակենիրենց հաղթական արշավը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում