Հասարակական

Բագրատ Ալեքյանին և Կարինե Սարգսյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում 

8 րոպեի ընթերցում

Բագրատ Ալեքյանին և Կարինե Սարգսյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը նոյեմբերի 25-ին համալրվել է երկու անվանի մասնագետով. սրտանոթային անվանի վիրաբույժ, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը և Կենսապահպանման և կենսաբանկավորման Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի միության նախագահ, Ավստրիայի Գրացի համալսարանի Կենսաբանկի հիմնադիր-տնօրեն, Բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, ԵՄ ARICE ծրագրի փորձագետ Կարինե Սարգսյանը դարձել են մեկդարյա բուհի պատվավոր դոկտորներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանից, նախքան միջոցառմանն անցնելը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է` հաշվի առնելով համալսարանի մեծ կորուստը` Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության նահապետ Արտաշես Ազնաուրյանի մահվան փաստը, այս միջոցառումն անցկացվում է կամերային, առավել փոքր, ոչ խիստ պաշտոնական մթնոլորտում: Նա պատմել է, որ Նոմինացիոն կոմիտեի արդեն երջանկահիշատակ նախագահ պրոֆեսոր Ազնաուրյանի հետ վերջին զրույցում քննարկել են առաջիկա այցի ընթացքում ակադեմիկոս Ալեքյանին պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հարցը, և սա այն եզակի դեպքն է, որ Արտաշես Ազնաուրյանն իր խնդրանքը չհասցրեց կատարել:

«Մեր ավագ սերնդին, ուսուցիչներին, մենք մեծարում ենք, հոգ տանում իրենց մասին, որովհետև նրանք կրթել են սերունդներ, կանգնած են ինչպես բուհի, այնպես էլ բժշկագիտության զարգացման ակունքներում, բայց, ցավոք, ունենք անդառնալի կորուստներ»,- ասել է Արմեն Մուրադյանը` դոկտորի կոչման հավակնորդներին և Նոմինացիոն կոմիտեի որոշումը ներկայացնելու պարտականությունը փոխանցելով Արտաշես Ազնաուրյանին այս պահին փոխարինող, բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Շեկոյանին:

Ըստ աղբյուրի՝ խոսքն ուղղելով Բագրատ Ալեքյանին՝ պրոֆեսոր Շեկոյանը նշել է, որ միմյանց ճանաչում են տասնամյակներ շարունակ, նրանց հայրերը ևս ընկերներ են եղել:

Նրա խոսքով` դժվար է գերագնահատել Բագրատ Ալեքյանի ներդրումը բժշկագիտության զարգացման գործում` սկսած ասպիրանտուրայի տարիներից և ամենակարևորն է, որ նա չմոռացավ իր հարազատ համալսարանը, ուսուցիչներին` պահպանելով ամուր կապ, ընդլայնելով գործընկերայնությունը:

«Շատ պարտավորված եմ իմ մասին ելույթը լսելով: Ինձ համար մեծ պատիվ է լինել այն համալսարանի պատվավոր դոկտոր, որն ավարտել եմ գրեթե կես դար՝ 48 տարի առաջ: Կրկնակի ուրախալի է տեսնել նաև դասախոսներին, դեմքեր, որոնք կայացրել են մեր համալսարանը»,- շեշտել է ակադեմիկոս Ալեքյանը` անկեղծանալով, որ բժշկական համալսարանում անցկացրել է հետաքրքիր տարիներ, որոնք կերտել են՝ որպես բժշկի, իր պատմությունը: Եվ յուրաքանչյուր բժշկի կյանքում այս պատմությունն ուրույն է ու առանձնահատուկ:

Նշվում է, որ Բագրատ Ալեքյանն, անդրադառնալով առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հատուկ նկատել է, որ այն նաև կայացել է, այս ոլորտում կարևոր առողջապահական ծրագրեր են կյանքի կոչվել, այդ թվում՝ սրտաբանության ոլորտում ՌԴ առողջապահության նախկին նախարարՎերոնիկա Սկվորցովայիև պրոֆեսոր Արմեն Մուրադյանի սերտ համագործակցության շնորհիվ:

«Միջոցառմանը ներկա պրոֆեսորները` ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանը, Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Աղաջանովը հիշեցին դրվագներ դասախոսական առօրյայից, գիտական գործունեության մեկնակետից, կյանքից` կապված Բագրատ Ալեքյանի` իրենց նախկին ուսանողի հետ, որն այսօր աշխարհահռչակ գիտնական է և իր մեծագույն ավանդն ունի բժշկագիտության զարգացման գործում»,- հայտնում են ԵՊԲՀ-ից՝ հավելելով, որ Գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանում ԵՊԲՀ ռեկտորը բուհի շրջանավարտ անվանի բժիշկ-գիտնականներին շնորհավորելով՝ նշել է. «Վերջին հինգ տարում բժշկական բուհն այս պատվաբեր կոչումը շնորհել է շատ հարգարժան մարդկանց, այդ թվում՝ 8 Նոբելյան մրցանակակրի: ԵՊԲՀ պատվավոր դոկտորները մարդիկ են, որոնք ներդրում են ունեցել առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում և թե' իրենց վերաբերմունքով, թե' գործունեությամբ նվիրված են բժշկական համալսարանին: Հարյուրամյա համալսարանի համար նման հաջողությունների հասած շրջանավարտներն առավել քան թանկ են»:

Ներկայացնելով Կարինե Սարգսյանի՝ ռեկտոր Արմեն Մուրադյանն ասել է․ «Կարինե Սարգսյանը ստեղծել է բիոբանկեր Եվրոպայի առաջատար համալսարաններում, հիմնել թվային բժշկության ֆակուլտետ, ինչն այսօր ամենահեռանկարային ուղղությունն է։ Աշխարհում շատ չեն այս ոլորտի մասնագետները, և ինձ շատ հաճելի է, որ նրանցից մեկը մեր համալսարանի շրջանավարտ է։ Կարինե Սարգսյանը պրոֆեսոր է, որի հոդվածները տպագրվում են աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերում, նաև ԱՀԿ փորձագետ է, օրերս դարձավ նաև UCLA հեղինակավոր համալսարանի ամբիոններից մեկի ղեկավարը։ Մենք պետք է սովորեցնենք ուսանողներին երաժշտական կյանք վարել բժշկության նոտաներով, բայց ոչ մի դեպքում չկորցնել բժշկական պրակտիկայի զգացմունքային բաղադրիչը։ Այս ուղղությունը մեզ համար չափազանց ակտուալ է»։

Հայտնելով իր երախտագիտությունը ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու կապակցությամբ՝ Կարինե Սարգսյանն ընդգծել է․ «Այս համալսարանում սովորել եմ լինել մարդ, լինել մտածող բժիշկ, լինել բժիշկ-հետազոտող, սովորել եմ լինել գործընկեր։ Բժշկական համալսարանն իմ տունն է՝ անկախ նրանից, թե որտեղ եմ գտնվում ֆիզիկապես։ Ես դասավանդում եմ աշխարհի 19 տարբեր համալսարանում՝ Կատարից մինչև ԱՄՆ, սակայն այստեղ ես տանն եմ»։

Ընդգծվել է, որ այսօր պատվավոր դոկտորի կոչմանն արժանացած բժշկական բուհի երկու շրջանավարտ, չկորցնելով կապը հայրենիքի և հարազատ բուհի հետ, կարևոր ներդրում ունեն Հայաստանում առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում: Նրանց նախաձեռնությամբ մեր երկրում տարբեր ոլորտներում տասնյակ գիտաբժշկական ծրագրեր են կյանքի կոչվել:

ԵՊԲՀ-ից հայտնում են, որ հյուրերը նաև Զինվորի տան գործունեությանը ծանոթանալու հնարավորություն են ունեցել, և նշել, որ առավել քան տպավորված են կենտրոնի գրանցած հաջողություններով:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ճանաչված ռուս բժիշկ-գիտնականներ Ժաննա Կոբալավան և Սերգեյ Բոյցովը։

Կարևորելով համագործակցությունը` ՌԴ-ից ժամանած մասնագետներն ընդգծել են, որ իրենց գլխավոր նպատակն է, որպեսզի բուժառուները երկար ապրեն: Հայաստանյան գործընկերների հետ նրանք առաջիկա օրերին մասնակցելու են մասնագիտական ֆորումի` համագործակցությունն ընդլայնելու, առկա խնդիրները քննարկելու նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում