«Երևանյան բեսթսելեր». «Անմահների ակադեմիան»՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2022
9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:
Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիան» առաջին հորիզոնականում է։ Արեգն ու Արան Երևանյան համալսարանում իրենց առաջին տարվա ընթացքում ծանոթանում են տիկին Տարտարոսյանի՝ Անմահության հիմունքների դասախոսի հետ, և սկսում են գնալ գաղտնի անմահական հավաքների, որոնց նպատակը Վիեննայի Անմահության ակադեմիա ընդունվելն է: Դրա համար նրանք պիտի անցնեն անմահության մի քանի հարթակներով, մտածել սովորեն ու չշեղվեն անմահական ճանապարհից: Հստակ թվացող ուղին, սակայն, կասկածի տակ է դրվում, երբ Արեգը բացահայտում է Հայկի մատյանը, որ նախահոր թողած ուղեցույցն է դեպի Նրա աշխարհ: Համլետ Առաքելյանի այս հրաշավեպը վերերկրային իրարամերժ ուժերի հարատև պայքարի արտահայտումն է՝ երկու երիտասարդի երկրային հրաշապատում ճանապարհի մեջ:
Երկրորդ տեղում է Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը։ 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռանում կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...
Երրորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության... «Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թ. Կ. Պոլսում՝ հայերեն տառերով, թուրքերեն լեզվով, և ուղիղ հարյուր տարի մնացել էր անհայտության մեջ:
Սերգեյ Մանուկյանի «Հավալուսն»-ը չորրորդ տեղում է։ Վեպում դեպքերը կատարվում են 2050 թվականին: Իրադարձությունները զարգանում են շատ արագ: Հերոսը երիտասարդ գիտնական Միքայելն է, որին հաջողվել է դեղամիջոց գտնել P5M2 վիրուսի դեմ, ինչը չէր խնայում ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիներին: Հեղինակը նկարագրում է նրա կյանքն ու գործունեությունը միաժամանակ երկու մոլորակներում՝ Երկրում, որտեղ տեխնոլոգիաները հինգերորդ արդյունաբերական հեղափոխության հետևանքով այնքան են զարգացել, որ մարդը խիստ հեռացել է բնությունից՝ աղետալի վիճակի հասցնելով մոլորակը, և Մենդորիում՝ կանաչ ու գեղեցիկ մոլորակում, որի բնակիչներն ապրում են բնությանը ներդաշնակ՝ խստիվ պահպանելով տիեզերական հավասարակշռության կանոնները:
Ջեսահի «Ալ մոնումենտ կամ մեծ մութը» հինգերորդ տեղում է։ Սա վեպ է մարդկային կրքի, աշխարհաստեղծման, և, որ ամենակարևորն է, ազատության մասին՝ գրելու անկաշկանդ և ոչ ընդունված ձևով: Ընթերցողին սպասվում է ոչ դյուրին ուղևորություն, որը կարելի է ատել կամ սիրել միայն:
Վեցերորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը... Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ...
Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպը յոթերորդ տեղում է։ «Խոդեդան» վեպը, որ ընդգրկում է շուրջ վաթսունամյա մի ժամանակաշրջան՝ 1890-1950-ական թվականները, պատմությունն է բռնաշենցի հովիվ Ասատուրի (քրդերեն՝ Խոդեդան) և նրա բախտակից համերկրացիների։ Արևմտահայ այս շինականներին վիճակված էր անցնելու արյունով և արհավիրքներով լի մի ճանապարհ, որն ավարտվում է Արևելյան Հայաստանում։ Նրանք վերջնական հանգրվան են գտնում Արագածի լանջերին՝ դարավոր թշնամուն թողնելով իրենց պապերի երկիրը, «ուր հազարամյա պատմություն ունի ամեն մի քար, ծառ, ծաղիկ», ու վիրավոր սրտերում անթեղելով այդ երկրի կորստյան կսկիծը. «Ա՜խ, երկիր. շաքար էր՝ շան բերան մնաց»:
Վահրամ Մարտիրոսյանի «Մեջքով երազի քո կեսին հենված» գիրքն ութերորդ տեղում է։ «Մեջքով երազի քո կեսին հենված» ժողովածուն Վահրամ Մարտիրոսյանի տպված ու դեռևս անտիպ գործերի ընտրանին է: Այն կարծես նաև պոեզիայի վերջին հարյուրամյակի միտումների յուրօրինակ արտացոլումն է՝ անցումը մեղեդային սիրերգերից փորձարարություններ, զգացմունքային հնչեղ բռնկումներից ազատ բանաստեղծության շշուկով հաղորդակցությունը ընթերցողի հետ...
Իններորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Վերջին անգամ ենք ապրում» վեպը։ Վեպը լեգենդար հայորդի, ժամանակին աշխարհի ամենաուժեղ մարդը համարվող ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի բուռն ու դրամատիկ ոդիսականի մասին է։ Առաջին անգամ հայ ընթերցողը կտեղեկանա մեր պատմության «փակ» էջերի նոր բացահայտումներին, Սերգո Համբարձումյանի անհավանական թվացող փոթորկալից կյանքին, որն ուղեկցվել է Աղասի Խանջյանի, Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի, Լավրենտի Բերիայի, Եղիշե Չարենցի, Ներքին գործերի արյունարբու Ժողկոմ Խաչիկ Մուղդուսու հետ կապված բազմաթիվ, մեր ժողովրդի համար շրջադարձային իրադարձություններով։
Տասներորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | նոր |
Համլետ Առաքելյան «Անմահների ակադեմիան» |
Անտարես | 164 | |
| 2 | -1 |
Սյունե Սևադա «Աղի թեյ» |
Newmag | 87 | |
| 3 | նոր |
Հովսեփ Վարդանյան «Ագապի» |
Բուկինիստ | 66 | |
| 4 | նոր |
Սերգեյ Մանուկյան «Հավալուսն» |
հեղ․հրատ | 66 | |
| 5 | նոր |
Ջեսահ «Ալ մոնումենտ կամ մեծ մութը» |
Անտարես | 38 | |
| 6 | -4 |
Մարկ Արեն և Վարս Չարենց «Դարձյալ սիրո մասին» |
Բուկինիստ | 34 | |
| 7 | նոր |
Խաչիկ Դաշտենց «Խոդեդան» |
Բուկինիստ | 32 | |
| 8 | նոր |
Վահրամ Մարտիրոսյան «Մեջքով երազի քո կեսին հենված» |
Անտարես | 31 | |
| 9 | * |
Աշոտ Աղաբաբյան «Վերջին անգամ ենք ապրում» |
Բուկինիստ | 28 | |
| 10 | * |
Աշոտ Աղաբաբյան «Մենակը» |
Բուկինիստ | 26 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: