Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՌԴ դատախազների հետ քննարկել է անչափահասների իրավունքների պաշտպանության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՌԴ դատախազների հետ քննարկել է անչափահասների իրավունքների պաշտպանության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Ռեբրինայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, հանդիպումն անցկացվել է «Անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահովման հարցերով փորձի փոխանակում» թեմայով միջոցառման շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև 2021-2022 թվականների համագործակցության մասին ծրագրով:

«Անահիտ Մանասյանը ողջունել է հյուրերին, կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու վստահություն հայտնել, որ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ 2021-2022 թվականներիծրագիրը, որը 6-րդն է՝ 2007 թվականից ի վեր, կունենա շարունակություն. ներկայումս մշակվում է 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի նախագիծը:

Նշվում է, որ միջոցառման ընթացքում քննարկվել են անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազությունների դերը, անչափահասներին վերագրվող հանցանքներով վարույթների առանձնահատկություններն ու պատժի կրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել անչափահասներին թրաֆիքինգի և շահագործման ենթարկելու վարույթներով քննության մեթոդներին ու տուժողներին աջակցություն ցույց տալու մեխանիզմներին:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում