Հասարակական

Դատավորի վերաբերյալ քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

2 րոպեի ընթերցում

Դատավորի վերաբերյալ քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հսկող դատախազն իր նոյեմբերի 10-ի որոշմամբ հաստատել է դատավոր Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

«2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս):

Որոշումը կայացվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա:

Որոշման մասին «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով նախատեսված կարգով իրազեկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, որից հետո դատավոր Ա.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք:

2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ:

2022 թվականի նոյեմբերի 10-ին հսկող դատախազն իր որոշմամբ հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում