Մշակույթ

Կառքերի էվոլյուցիան՝ Պորտուգալիայի վերջին թագուհու մտահղացմամբ ստեղծված Կառքերի ազգային թանգարանում

3 րոպեի ընթերցում

Կառքերի էվոլյուցիան՝ Պորտուգալիայի վերջին թագուհու մտահղացմամբ ստեղծված Կառքերի ազգային թանգարանում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիսաբոնի Բելեմ շրջանում է գտնվում իր տեսակով եզակի Կառքերի թանգարանը, որն ունի ազգային թանգարանի կարգավիճակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թանգարանն անկրկնելի է իր ցուցանմուշների մասշտաբով և յուրահատկությամբ. ցուցադրված են տարբեր դարաշրջանների, ժողովուրդների, կալվածքների և դինաստիաների պատկանող կառքեր՝ զարդարված ոսկով, թավշով և կաշվով:

Հիմնականում ցուցանմուշները թվագրվում են 17-րդ դարի սկզբի ժամանակաշրջանով և մինչև 19-րդ դարի վերջ՝ եվրոպական թագավորական պալատների, Անգլիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրիայի և այլ երկրների ազնվական ընտանիքներին պատկանող կառքեր: Բացի կառքերից, թանգարանում ցուցադրված են նաև պատգարակներ, դիակառքեր, մանկական սայլակներ և այլն:

Թանգարանը բացվել է 20-րդ դարի սկզբին՝ 1905 թվականին և ուներ ընդամենը 29 ցուցանմուշ։ Հավաքածուն ցուցադրելու համար ընտրվել է Picadeiro Real-ը՝ նախկին թագավորական ձիասպարեզը: Թանգարան ստեղծելու մտահղացումը պատկանել է Պորտուգալիայի վերջին թագուհուն՝ Դոննա Ամելիային։

Ցուցանմուշները ցուցադրվում են ժամանակագրական հաջորդականությամբ, որպեսզի այցելուները կարողանան հետևել, թե ինչպես է փոխվել կառքի ոճը, կատարելագործվել տեխնիկական լուծումները։

Հազվագյուտ սայլերի մեծ մասը պատկանել է պորտուգալացիներին՝ թագավորական ընտանիքին և տեղի ազնվականությանը: Թանգարանի հավաքածուի ամենահին ցուցանմուշը պատկանել է Իսպանիայի թագավորին։ Այս կառքով Ֆիլիպ II-ը Մադրիդից Լիսաբոն է ժամանել 1619 թ.։

Այսօր թանգարանը, բացի կառքերից, ունի մեքենաների եզակի և ընդարձակ հավաքածու՝ սկսած 17-րդ դարից մինչև ավտոմեքենա:

Կառքերի ազգային թանգարանի ցուցադրության ամենաներկայացուցչական մասը գտնվում է ժամանակակից շենքում, որը բացվել է 2015 թվականին։ Նշենք, որ նոր կառույցը ոչ միայն մշակութային հաստատություն է, այլև հանրային տարածք։ Կան մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, պահպանման և վերականգնման արհեստանոցներ, գրադարան, արխիվ, իսկ թագավորական ձիավարության դպրոցում ցուցադրվում են ձիասպորտի հետ կապված ծիսական առարկաներ, ինչպես նաև Պորտուգալիայի թագավորական ընտանիքի դիմանկարներ։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում