Հասարակական

Հայաստանն օտարերկրացիների աչքերով. Սանթոշին ու Ռահուլին Հայաստան է բերել սերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանն օտարերկրացիների աչքերով. Սանթոշին ու Ռահուլին  Հայաստան է բերել սերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են որոշումներ, որոնք բերում են շրջադարձային փոփոխությունների՝ բնակվելու տեղի փոփոխություն, աշխատանք, անձնական կյանք: Շատերը չեն էլ կարող պատկերացնել, որ տարիներ անց կարող են հայտնվել ծովերից, օվկիանոսներից և մայրցամաքներից այն կողմ: Մեր հերոսներն էլ ժամանակին չէին պատկերացնում, որ մի օր Հնդկաստանից կգան Հայաստան, կսիրահարվեն ու կորոշեն ապրել ու աշխատել այստեղ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սանթոշ Կումարին պատմեց, որ մագիստրատուրան և ասպիրանտուրան ավարտել է Լենինգրադի պետական համալսարանում և այնտեղից 1987 թվականին տեղափոխվել է Հայաստան՝ արդեն ամուսնացած և երկու երեխաների հետ:

«Տեղափոխվեցինք Հայաստան, քանի որ ամուսինս հայ էր: Ես շատ սիրեցի այս երկիրը և հեշտությամբ հարմարվեցի»,- ասաց նա:

Սանթոշ Կումարին ընդգծեց, որ նա 1987 թվականից բնակվում է Հայաստանում և երբեք չի նկատել վատ վերաբերմունք հնդիկների հանդեպ: Նա պատմեց, որ երբեմն ինքը ամբողջ երկրագունդն է ընդունում հայրենիք, սիրում է բոլորին և նույնը ստանում բոլորից՝ հատկապես հայերից:

Իսկ մեր մյուս հերոսը՝ Ռահուլ Անիլ Սետհին առաջին անգամ եկել է Հայաստան բժշկի մասնագիտություն ստանալու նպատակով, սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում: Ավարտելուց հետո վերադարձել է Հնդկաստան, բայց կյանքը նրան նորից հետ էր բերելու Հայաստան՝ այս անգամ արդեն երկարաժամկետ:

«Երբ առաջին անգամ եկել էի Հայաստան, շատ զարմացած էի, որովհետև, երբ գնում էինք հրապարակ, այնտեղ անծանոթ հայերը մեզ հրավիրում էին իրենց տուն միայն այն պատճառով, որ մենք հնդիկներ ենք, որովհետև իրենց տպավորել էին հնդկական ֆիլմերը»,-ասաց Ռահուլը:

Անդրադառնալով Հայաստանում հանդիպող դժվարություններին՝ Ռահուլն ասաց, որ իր համար սկզբում միակ դժվարությունը լեզվի խնդիրն է եղել, որը շուտ հաղթահարել է: Եվ մեծ հպարտությամբ էլ ասաց, որ այժմ աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանի Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ և ասիստենտ-դասախոս՝ վիրաբուժության ամբիոնում:

Նրան Հայաստան բերել է ոչ միայն հայուհի կինը, այլ հենց Հայաստանը. Ռահուլը ընդգծեց, որ Հայաստանում ամեն ինչն է սիրում:

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում