ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեմադրիչ, Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հոգեհանգստի արարողությանը արվեստագետին հրաժեշտ տալու էին եկել մշակութային գործիչներ, որոնք փաստեցին՝ Շահվերդյանը ինքնատիպ, ժամանակակից ձեռագրով ստեղծագործող էր, որը լուսավոր հետք թողեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շահվերդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 2-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ Վահե Շահվերդյանը կառուցեց իր թատրոնը: «Վանաձորի թատրոնն իր գեղագիտությամբ, խաղացանկով Վահե Շահվերդյանի թատրոնն է, իսկ երբ նա Մայր թատրոնն էր ղեկավարում, այն ևս Վահե Շահվերդյանի թատրոնն էր: Նա Սունդուկյանի անվան թատրոնի ամենածանր ժամանակներում ղեկավարեց այն և կարողացավ հզոր պատմություն ունեցող թատրոնն առավել բարձրացնել: Ժամանակակից մտածող էր, հետաքրքիր էր ուսանողներին և միշտ նոր բան էր փնտրում: Գալիս էր տարբեր կուրսերի բոլոր քննություններին»,-պատմեց Բաբայանը, որը մեծ կորուստ է համարում Շահվերդյանի մահը և ընդգծում, որ նա լուսավոր հետք թողեց:
Բաբայանը շեշտեց, որ Վահե Շահվերդյանը երբեք չի չարախոսել: Նա մեջբերեց Սերգեյ Փարաջանովի խոսքերը. «Ես աշխարհից վրեժ կլուծեմ սիրով»: Ըստ նրա՝ դա նաև Վահե Շահվերդյանի մասին է:
Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը կարծում է, որ Շահվերդյանը հայ թատրոնի նվիրյալներից էր: «Նա զավակն էր մեր վարպետների, որոնց մոտ սովորել էր ու իր սեփական մտածողությունը ձևավորել: Իր յուրահատուկ վերաբերմունքն ուներ աշխարհի և տարբեր երևույթների հանդեպ: Շատ աշակերտների ուներ ու մեծ դպրոց թողեց, տարբեր թատրոններում իր գեղարվեստական մտածողությունը ստեղծեց: Մինչև վերջին պահը նա ստեղծագործում էր, նրանից ժայթքում էր ստեղծագործությունը, չէր հոգնում, ճանաչում էր ինքն իրեն ու շրջապատող միջավայրը: Սա մեծ կորուստ է հայ թատրոնի համար: Մենք կորցրինք թատրոնի նվիրյալի ու լավ ընկերոջ»,-ասաց Էլբակյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հիշեց Շահվերդյանի հարցազրույցներից մեկը, որում բեմադրիչն ինքն իրեն թատրոնի մշակ է անվանում: «Նրան ճանաչողները գիտեն, որ Շահվերդյանի կյանքում չկա ավելի մեծ իմաստ ու հետաքրքրություն, քան թատրոնը: Նա ամբողջ կյանքն անցկացրեց թատրոնում, թատրոնի հետ և թատրոնի համար»,-շեշտեց Խզմալյանը:
Փոխնախարարը ևս հիշեցրեց, որ Շահվերդյանը Մայր թատրոնի համար թե՛ սոցիալական, թե՛ ենթակառուցվածքային, թե՛ խաղացանկային առումով վատթար պայմաններում է ստանձնել թատրոնի ղեկն ու ձևավորել խաղացանկ, համախմբել դերասաններին, իսկ Վանաձորի թատրոնի մեծ կենսագրությունը կապվում է նրա անվան հետ, քանի որ ամենատևական ու լայն աշխարհագրությամբ հյուրախաղերը թատրոնն ունեցել է Շահվերդյանի օրոք, նրա օրոք է համայնքային թատրոնը դարձել մարզային լավագույն թատրոններից մեկը: «Վահե Շահվերդյանը գունեղ էր, արտիստիկ էր, մեր միջավայրի համար երբեմն անսովոր վառ կերպար էր, որի բացակայությունը միանգամից է զգացվում»,-ասաց Արա Խզմալյանը:
Վահե Շահվերդյանի բեմադրություններից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում: Նրա լավագույն ներկայացումը համարվում է Ա. Չեխովի «Երեք քույր»-ը, յուրահատուկ աշխատանք է համարվում նաև Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» դրաման, որտեղ անսամբլային դերակատարման շնորհիվ ներկայացումը հաջողություն է ունեցել, իսկ ինքնատիպ դերակատարումով առանձնացել և «Վահագն» մրցանակի է արժանացել Պոնսիայի դերակատար, Հայաստանի վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը:
Վահե Շահվերդյանը ղեկավարել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոնը: Նրա բեմադրությունների շնորհիվ թատրոնները նոր շունչ են ստացել: Շահվերդյանի արվեստին բնորոշ են դասական գործերի նոր ու ինքնատիպ ընթերցումը, վառ թատերայնությունը և ասելիքի հոգեբանական խորությունը, սիմվոլներն ու մետաֆորները, վիզուալ գեղեցկությունը։
Շահվերդյանը կյանքից հեռացել է հոկտեմբերի 31-ին: Նա 77 տարեկան էր: