ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԻԻՀ էներգետիկայի նախարարն անդրադարձել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը արագ ավարտելու հարցին
2 րոպեի ընթերցում
![ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԻԻՀ էներգետիկայի նախարարն անդրադարձել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը արագ ավարտելու հարցին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/11/1096205.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գնել Սանոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Հանդիպման ժամանակ քննարկել ենք Էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
Մասնավորապես, համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա մեծացնել Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները»,- գրել է Գնել Սանոսյանը:
Երկու երկրների նախարարները քննարկել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։
Գնել Սանոսյանը Ալի Աքբար Մեհրաբիանին է ներկայացրել նաև Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։