Քաղաքականություն

Մեզ համար անընդունելի չեն նաև արևմտյան երկրների կողմից ձևակերպվող առաջարկները. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մեզ համար անընդունելի չեն նաև արևմտյան երկրների կողմից ձևակերպվող առաջարկները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից՝ Ադրբեջանի հետ բանակցությունների մասով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովին իր ելույթում՝ խոսելով ռուսական առաջարկների ընդունելի լինելուց:

«Պետք է ասեմ, որ մեզ համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից: Տարբերակներից մեկը, որ եկեք հիմա Ղարաբաղի հարցի վրա շատ չկենտրոնանանք, ըստ էության, այս վիճակը համարենք ինչ-որ ձևով ստատուս քվո, արձանագրենք ու լուծենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցն՝ անընդունելի չէ, ընդունելի է: Մյուս մոտեցումն է՝ եկեք, գնանք, լուծենք ԼՂ-ի հարցը: Հիմա հարց կարող է ծագել՝ այդ կողմերից ո՞վ է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս, և ո՞վ չի համարում Ադրբեջանի մաս: Ցավոք, միջազգային հանրությունը, բոլոր պետություններն առանց բացառությամբ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, և դա երևում է բոլոր փաստաթղթերով»,- նշեց Փաշինյանը:

Նա հորդորեց տպավորություն չստեղծել, թե իրավիճակն այլ է: Հայկական կողմը պատրաստ է խաղաղության և ուզում է: Փաշինյանը, սակայն, ընդգծեց, որ նման հակամարտություններում խաղաղություն երբեք չի հաստատվել, եթե չի եղել խաղաղության շուրջ պայմանավորվածությունների երաշխավոր:

«Դա կարող են լինել գերտերությունները: Ով է, որ օգնում է մեզ խաղաղության հասնելու և ով է, որ երաշխավորում է պայմանավորվածությունների ի կատար ածումը»,-ասաց վարչապետը՝ կարևորելով այդ հարցի լուծմամբ զբաղվելը:

Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար 2018 թվականից առաջ և հետո մեծագույն առաքելություն էր ՀՀ-ում ժողովրդավարություն հաստատելը, ապա այսօր ՀՀ-ի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է մեծագույն առաքելությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում