Հասարակական

Դատարանի բակում խուլիգանության դեպքի առթիվ քրվարույթի շրջանակում 2 անձ կալանավորվել է, 2-ին՝ արգելվել է բացակայել

3 րոպեի ընթերցում

Դատարանի բակում խուլիգանության դեպքի առթիվ քրվարույթի շրջանակում 2 անձ կալանավորվել է, 2-ին՝ արգելվել է բացակայել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված համակողմանի քննության արդյունքում պարզվել են դատարանի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, ֆիզիկական ներգործություն կատարելու, ինչպես նաև՝ ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ պահին ընթացող քրեական դատավարությանը մասնակից անձանց կողմնակիցների միջև նշված դատարանի բակում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել կայանված ավտոմեքենաներին ու դրանց ուղևորներին: Բացի այդ, հիշյալ անձինք հարվածներ են հասցրել դատավարության մյուս կողմի երկու կողմնակիցների՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

«Նկատելով այս ամենը՝ նրանց են մոտեցել նշված վայրում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ԵՔՎ ծառայողները, ովքեր օրենքով սահմանված կարգով ներկայացել և պահանջել են չխախտել հասարակական կարգը և դադարեցնել հակաօրինական գործողությունները: Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջին՝ վերոնշյալ անձինք հայհոյել են, իսկ նրանցից մեկը հարվածել է ոստիկանին, որից հետո դիմել են փախուստի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մեկ անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ևս մեկ անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երկուսի նկատմամբ՝ բացակայելու մասին արգելքը:

Ըստ աղբյուրի՝ նշված 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում