ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը գարնանը պատրաստվում է սկսել նոր ֆիլմի նկարահանումները: Կինոնկարը, որի գործողությունները ծավալվելու են 1946 թվականին, կոչվելու է «Վերջին ռաունդը Ստամբուլում»:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սերժ Ավետիքյանը պատմում է՝ գլխավոր հերոսն իռլանդացի բռնցքամարտիկ է, որը սիրահարվում է հայ աղջկա: Նրանք մեկնում են Ջիբուտի, այնուհետև՝ Ստամբուլ:
«Այս ֆիլմով ուզում եմ ասել, թե ինչու մենք դարձանք էմիգրանտներ, ինչու մեր ապագան ստիպված եղանք կառուցել կորստի վրա: Նոր սերնդին ուզում եմ պատմել, որ ստիպված ենք դա անել և գնալով կորցնում ենք: Շատ եմ ցանկանում, որ մենք հոգեբանորեն ավելի կայուն, ամուր լինենք, քանի որ կորստի վրա կառուցել այլևս հնարավոր չէ: Մտածելակերպի հարց է. պետք է փորձենք զարգացնել մշակույթը, մեր լեզուն»,-նշում է կինոռեժիսորն ու շեշտում, որ անհրաժեշտ է կրկին Րաֆֆու ստեղծագործությունները կարդալ, վերընթերցել «Խաչագողի հիշատակարանը», հիշել, թե որտեղից ենք մենք եկել ու վերածնվել:
Ավետիքյանը տեղեկացնում է՝ «Խաչագողի հիշատակարանը» թարգմանվել է ֆրանսերեն, և հավաստիացնում է, որ ֆրանսիացիներն այն կարդում են:
Ըստ ռեժիսորի՝ մշակույթը շատ մեծ դերակատարություն ունի երկրի առաջընթացի գործում: «Րաֆֆին մեծ գործ է արել վեպի միջոցով: Ես Րաֆֆիին չեմ հասնի, բայց կինոյի օգնությամբ ասելիքս տեղ կհասցնեմ: Նկարելը նկարելու համար չէ միայն, պատմելը միայն պատմելու համար չէ: Մենք պետք է իմաստավորենք ամեն բան և կառուցենք ոչ կորստի վրա: Ինձ համար կարևոր է դա երիտասարդներին փոխանցելը»,-ասում է նա:
Սերժ Ավետիքյանը ֆիլմի և՛ ռեժիսորն է, և՛ սցենարի հեղինակը, և՛ կարճ դերակատարմամբ հանդես է գալու հայի կերպարում:
Ավետիքյանն ապրում է Ֆրանսիայում, սակայն հաճախ է գալիս Հայաստան, հայրենիքում ներկայացնում իր ֆիլմերը, ինչպես նաև Երկլեզու դրամատիկական արվեստանոցի միջոցով նոր հմտություններ է հաղորդում երիտասարդ ստեղծագործողներին:
2021-ին նա Հայաստանում ցուցադրեց «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ավետիքյանի՝ դեպի իր պապական Սոլոզ գյուղ կատարած մի քանի այցի մասին: Գյուղը Թուրքիայում է:
Կինոնկարը ցուցադրվել է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում և գրավել է օտարերկրացիների ուշադրությունը: Ավետիքյանը կարծում է՝ կան ֆիլմեր, որոնք կարող են հետաքրքրել ինչ-որ խավի, իսկ «Վերադարձ Սոլոզ»-ը հետաքրքրել է մի քանի խավի:
Նրա խոսքով՝ վավերագրական ֆիլմն ունի իր յուրահատկությունները: «Այս կինոնկարը երեսուն տարվա աշխատանքի, չորս ճանապարհորդության արդյունք է: Նկարահանումները գեղագիտորեն տարբերվում են, սակայն կարողացա կառուցել ֆիլմը: Կա պոետիկ մոտեցում, որն առկա է իմ բոլոր կինոնկարներում: Ցույց եմ տալիս, թե երեսուն տարվա ընթացքում ինչպես է մի գյուղ ինքն իրեն ոչնչացնում այն պատճառով, որ Թուրքիայի քաղաքականությունը դառնում է իսլամացված, Եվրոպայից կտրված»,-ասում է ռեժիսորը:
Սերժ Ավետիքյանը կինոնկարի միջոցով ներկայացնում է, թե ժամանակն ինչ դեր է խաղում մշակույթի, հավատքի ոչնչացման ու շեղման գործում: Ռեժիսորին հաջողվել է դա հասցել հանդիսատեսին: Փարիզում երեք շաբաթ ընթացող ցուցադրություններին ներկա են եղել պատմաբաններ, լրագրողներ: «Դա միայն կինո չէ. ֆիլմ է, որի միջոցով կարելի է խոսել տարբեր թեմաների մասին: Հնչում էին հարցեր: Մարդիկ, որոնք պատմություն չգիտեն, ապշած են, թե ինչպես է այդ պատմությունն այսպիսի հետքեր թողել, ինչպես է ծնել դիկտատորների, որոնք կարողանում են ջնջել, ոչնչացնել»,-նշում է Ավետիքյանը:
Ըստ ռեժիսորի՝ մշակույթը սահմաններ չունի, իսկ մայրենի լեզվի միջոցով անհրաժեշտ է արտահայտել զգացմունքներն ու գտնել ասելիքը փոխանցելու ձևը, ոչ թե ձուլվել, այլ մատուցել սեփականը, ոչ թե դառնալ ֆրանսիացի, այլ նրանց հետ հաղորդակցվել այնպես, որ հասկանան, թե ինչ ես կարող իրենց փոխանցել և լիցքավորել նրանց: Սա է Սերժ Ավետիքյանի նպատակը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի