Հասարակական

Ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունները և կոչերը նախատեսվում է դարձնել քրեորեն պատժելի

3 րոպեի ընթերցում

Ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունները և կոչերը նախատեսվում է դարձնել քրեորեն պատժելի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունն «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» քննարկման է դրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ինքնիշխանությունից հրաժարվելու գործողություններ կատարելու համար սահմանել տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագծում նշված է. «Հոդված1.2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 421-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «խախտելուն» բառից հետո լրացնել «կամինքնիշխանությունիցհրաժարվելուն»բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝

պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով:»:

Հոդված2.Օրենսգրքի 422-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «խախտելուն» բառից հետո լրացնել «, ինքնիշխանությունից հրաժարվելուն,» բառերով:

Հոդված3.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

Նախագծի հակիրճ բնութագրով պարզաբանվում է. «Նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:

Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»։

ՀՀ քրեական օրենսգրքի 421 և 422-րդ հոդվածներում լրացումներ լրացումներ կատարելու օրենքի նախագիծ քննարկման համար հասանելի կմնա մինչև նոյեմբերի 6-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում