Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են արդարադատության ոլորտում համագործակցության շարունակականության հրամայականը
2 րոպեի ընթերցում
![Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են արդարադատության ոլորտում համագործակցության շարունակականության հրամայականը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094923.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում (e-justice) իրականացվող բարեփոխումներին՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ նախատեսվում է ներդնել «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգ, ինչպես նաև նշել, որ ներկայումս գործուն քայլեր են իրականացվում «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ:
«Ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիայի, հաշտարարության, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտներում թվայնացման օրակարգը, ինչպես նաև դրա ուղղությամբ նախարարության կողմից տարվող ներկայիս աշխատանքի ընթացքը:
Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ԵՄ առաջիկա բյուջետային աջակցության հիմնական ուղղությունները, որոնք ներառում են Արդարադատության նախարարության քաղաքականության մշակումը, քրեակատարողական հիմնարկները, պրոբացիան, հակակոռուպցիոն քաղաքականությունը, Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և այլ հակակոռուպցիոն հաստատությունների կարողությունների զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ քննարկվել է նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարական հաղորդակցության համատեքստում նախարարության կարիքների, ինչպես նաև այս ուղղությամբ ԵՄ կողմից տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցը:
Նշվում է, որ հանդիպման ավարտին ընդգծվել է Հայաստանի արդարադատության ոլորտում ԵՄ համագործակցության արդյունքում իրականացվող բարեփոխումային ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև երկուստեք վերահաստատվել՝ համագործակցության շարունակականության հրամայականը և հետագա քայլերը: