Ռուսաստանն ասում է, որ կակտիվանա. ԱԺ նախագահը՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների մասին
2 րոպեի ընթերցում
![Ռուսաստանն ասում է, որ կակտիվանա. ԱԺ նախագահը՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094884.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ակնկալում են Ռուսաստանի Դաշնության կողմից ավելի լայն ներգրավվածություն տարածաշրջանային գործընթացներին:
«Ռուսաստանի Դաշնությունում իմ բոլոր հանդիպումները եղել են իրավիճակը ներկայացնելու և արձագանք ակնկալելու նպատակով: Ես ավելի շատ սպասել եմ, որ մենք հասկանանք, թե ինչ է կատարվում մեր տարծաշրջանում և արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կատարվելիքը ճիշտ է ընկալում և պատրաստվո՞ւմ է գործողություններ անել: Արցախի մասին ևս խոսակցություն եղել է, բայց ընդհանուր տարածաշրջանային կոնտեքստից ելնելով: Ռուսաստանն ասում է, որ կակտիվանան: Թե երբ, կտեսնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ ռուս գործընկերները հաճախ կենտրոնանում են, թե ինչ հարցազրույց է ինքը տվել, ինչու է քննադատել և ինչու է քննադատում:
«Բայց ես իմ ասածի պատասխանները ունեմ և պատասխանները նույնպես ներկայացրել եմ: Մենք սպասում ենք և ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից ավելի լայն ներգրավվածություն այս գործընթացին»,- ընդգծեց Սիմոնյանը:
Արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու մասին՝ Սիմոնյանն ասաց, որ Հայաստանը դեմ չէ սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը:
«Ռուսաստանի բոլոր ֆորմատներին համաձայնություն տվել ենք, Ադրբեջանն է, օրինակ, որ Ռուսաստանի խաղաղապահների մանդատը մինչ օրս չի ստորագրել: Եկեք դա չմոռանանք: Ո՞րն է այդ դեպքում ռուս գործընկերների արձագանքը»,- շեշտեց Սիմոնյանը: