Հասարակական

Պարգևատրում, հոգատարություն, խանդ․ կինոլոգի մասնագիտական առանձնահատկությունները

4 րոպեի ընթերցում

Պարգևատրում, հոգատարություն, խանդ․ կինոլոգի մասնագիտական առանձնահատկությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային օրը սկսել սիրով ու ժպիտով, բացառել տրամադրության անկումը, նեղսրտելն ու զայրույթը: Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ-կինոլոգիական ջոկատի հրամանատարի տեղակալ Հովնան Բարսեղյանն արդեն 3 տարի այս սկզբունքով է առաջնորդվում իր աշխատանքում: Այդ ամենին նպաստողն իր ծառայողական գործընկերն է՝ Ցեզրը, որի չարաճճի աչքերում ամեն օր ուշադրության, հոգատարության սպասումն է:

«Աշխատանքդ միշտ պետք է դրական էմոցիաներով սկսես, որ քեզնից փոխանցվող էներգիան, տվածդ հրահանգները գործընկեր շունը ճիշտ ընկալի, կարողանա արդյունավետ աշխատել քեզ հետ։ Ճիշտ մոտեցումը գործի կեսն է »,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հովնան Բարսեղյանը։

Կինոլոգի ու իր գործընկեր Ցեզրի օրը սկսվում է խաղով, զբոսանքով, որին հաջորդում են մասնագիտական պարապմունքները: Քանի որ Ցեզրն աշխատանքային յուրահատուկ պահանջներ է ակնկալում, հետևաբար պարապմունքներն ուղեկցվում են «պարգևատրումներով», հատուկ ուշադրությամբ:

«Աշխատանքի ընթացքում, երբ շունը հրահանգները կատարում է, փորձում ենք ուրախացնել իր կերով, խաղալիքով։ Դա ոչ միայն վերաբերմունք է, այլև՝ գործի կարևոր բաղադրիչ։ Այդպես ենք փորձում շներին լիարժեք ներգրավել պարապմունքներում»,-նշեց Հովնան Բարսեղյանը։

Քիչ չեն նաև խանդի դեպքերը։ Ցեզրը չի հանդուրժում, երբ Հովնան Բարսեղյանն այլ գործընկեր շան է սիրում կամ հրահանգներ տալիս։

«Նման դեպքում նա կամ փորձում է խանգարել կամ բոլորից լավ ինքն է կատարում տված հրահանգները»,-ժպիտով պատմում է Հովնանը։

Մասնագիտական պարապմունքների հիմքում որոնողափրկարարական աշխատանքներն են փլատակներում, շների հատուկ վարժեցման կուրսերը, հմտությունների զարգացումը։ Գլխավոր առաքելությունը մարդուն փրկելն է։ Ժամանակ առ ժամանակ փոփոխվում են ոչ միայն մասնագիտական պարապմունքները, դրանց անցկացման վայրը, այլև «պարգևատրումները»: Անհրաժեշտություն է առաջանում թարմացնել խաղալիքները, սննդատեսակը: Ցեզրն անպատասխան չի թողնում ոչ մի ուշադրություն: Իր վերաբերմունքով ունակ է դրական էներգիայով լցնել գործընկերոջ օրն ու ոգեշնչել նրան: Ավելին՝ ստիպում է լինել ավելի խոհեմ, հավասարակշռված:

«Իր վարքով, խաղով հարազատ մարդու նման քեզ ուրախություն է պարգևում։ Որքան էլ անտրամադիր լինես, միևնույն է արագ քեզ հանում է այդ վիճակից։ Կարծես, բոլորովին այլ մթնոլորտ լինի, ինչն ուրախացնում է»,-ասաց Հովնան Բարսեղյանը։

Կինոլոգի մասնագիտությունը բարդ է, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող ու հաճելի: Խոսելով մասնագիտական առանձնահատկություններց՝ Հովնանն ընդգծում է ամենակարևորը՝ սերը կենդանիների նկատմամբ, ինչպես նաև առանձնացնում երեք կարևոր գործոն:

«Համառություն, բարություն, պայքարելու ուժ։ Սրանք են այն կարևոր գործոնները, որոնք անհրաժեշտ են այս գործում։ Ամեն ինչ չէ, որ հարթ է լինում, պետք է համառ լինել, պայքարել ցանկալի արդյունքի հասնելու համար»-հավելեց նա։

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դառնալ կինոլոգ, Հովնան Բարսեղյանը խորհուրդ է տալիս գիտակցել պատասխանատվության զգացումը, չէ որ աշխատելու են յուրահատուկ գործընկերոջ հետ։ Կարևոր է նաև լինել համբերատար, գտնել այն ճանապարհները, որոնցով հնարավոր կլինի շահել շան վստահությունն ու մեկ միասնական թիմով հավատարիմ մնալ գլխավոր առաքելությանը։

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում